Մեծ Բրիտանիայում ձեռնարկությունների ավելի քան 60 %-ը կարող է փակվել էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով: Bloomberg գործակալությունն է հայտնում՝ հավելելով, որ Եվրոպայում տիրող ներկայիս ճգնաժամն արտադրությամբ զբաղվող ընկերություններին ընտրության առաջ է կանգնեցրել. նրանք կա՛մ պետք է կրճատեն, կա՛մ ամբողջապես դադարեցնեն արտադրության ծավալները:
Նշենք, որ 2022-ի հոկտեմբերի 1-ից, երբ գազի գինը բարձրանա, Եվրոպայում կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի գինը՝ 80 %-ով: Իսկ գազի գնի բարձրացման պատճառն այն է, որ Եվրոպային գազ մատակարարող «Հյուսիսային հոսք»-ը, դեռևս հունիսի կեսերի սկսած, սահմանափակումներով է աշխատում, իսկ հուլիսի վերջերից այն աշխատում է իր հզորության միայն 20 %-ով։
Ռուսական կողմը մատակարարումների նվազումը պայմանավորում է պատժամիջոցներով, որոնք խնդիրներ են առաջացրել գազի պոմպակայանների սպասարկմամբ և վերանորոգմամբ զբաղվող Siemens ընկերության մոտ։ ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարսգսյանը բացատրում է՝ գազատարը վերանորոգման կարիք ունի, իսկ Siemens ընկերությունը, որի նկատմամբ նույնպես Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել, հնարավորություն չունի վերանոգել այն: Այսօրվա դրությամբ, ասում է Սարգսյանը, գազի գինը բորսայում բարձրացել է մոտ երեսուն տոկոսով՝ 1000 խմ դիմաց վաճառվելով 2900 դոլարով:
Թեև Եվրոպան փորձում է էներգիայի տարբեր այլ աղբյուրներ գտնել՝ նվազեցնելու Ռուսաստանից կախում ունենալու հանգամանքը, բայց տնտեսագետի համոզմամբ՝ դա այդքան էլ հեշտ չի ստացվի, քանի որ Եվրոպան սպառած գազի 45 տոկոսը Ռուսաստանից է ձեռք բերում:
Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի շութերով է արձագանքում Եվրոպա մատակարարվող գազի հետ կապված խնդիրներին:
«Գազպրոմը» չէ, որ մեղավոր է Եվրոպայի էներգամատակարարման հետ կապված իրավիճակի համար, այլ մեղավոր են «վայ» քաղաքական գործիչները, ովքեր որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Եվ այս դժբախտ քաղաքական գործիչներն են, որ հիմա իրենց քաղաքացիներին ստիպում են մեռնել կաթվածից, երբ տեսնում են էլեկտրաէներգիայի վճարները: Եվ հիմա, երբ ցուրտը կսկսվի, իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- շեշտում է Պեսկովը:
Մոտալուտ ցրտի մասին եվրոպացիներին նաև ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է զգուշացրել՝ հետաքրքրաշարժ մի տեսահոլովակ նկարելով ու տարածելով: Տեսահոլովակը թեև «Գազպրոմի» էջերից հեռացվել է, բայց դրանով ընկերությունն ասես զգուշացնող նոտա է հղել Արևմուտքի բնակիչներին, թե մոտեցող ձմեռը Եվրոպային հաստատ չի շրջանցելու:
Սևակ Վարդումյան