ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ն դեռ շարունակում է նույնականացնել ադրբեջանցիների դեմ դուրս եկած միայնակ տղամարդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը դեռ շարունակում է մի քանի ադրբեջանցիների դեմ-հանդիման միայնակ դուրս եկած, բայց նրանց չհանձնված, գերի չընկած հայ տղամարդու նույնականացման աշխատանքները: Օրերս, նշենք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որ հայ տղամարդը, հայտնվելով ադրբեջանցիների շրջափակման մեջ, չի լսում, չի համաձայնում նրանց՝ գերի հանձնվելու, բայց ողջ մնալու առաջարկ-պայմանին, ու ըստ երևույթին, հերոսաբար ընկնում է:

Ըստ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակացնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Պաշտպանության նախարարությունը սակայն դեռևս չի շտապում ասել, որ տեսանյութում պատկերվածը Տարոն Անդրեասյանն է: «Նույնականացման աշխատանքները չեն ավարտվել: Չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում հարցին, սխալվելու իրավունք չունենք: Նույնականացման աշխատանքների ավարտից հետո միայն լիարժեք, ճշգրիտ եզրակացություն կլինի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ մի քանի գործողություն է մնացել, ինչի ավարտից հետո նոր միայն ՊՆ հայտարարություն կտարածի: Այդ գործողություննները, ըստ Թորոսյանի, հիշյալ տարածքում գտնված ստորաբաժանումների անձնակազմերից անհետ կորած համարվող զինծառայողների տվյալների համեմատություններն են, հրամանատարի ու ծնողների նկարագրությունների, հրամանատարի ու ծնողների նկարագրությունների համադրումը, ինչպես նաև հեռախոսազրույցների վերծանումն ու այլն:
Այդ ամենի ավարտից հետո միայն, փոխանցեց Թորոսյանը, նախարարությունը կհայտնի, թե ինչպես, ինչ եղանակով է հետմահու գնահատելու ու արժեվորելու քաջ հայորդուն:

Սևակ Վարդումյան




Լրահոս