ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանն ունի բոլոր ֆինանսական միջոցները՝ ձեռք բերելու անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը. կան երկներ, որոնք պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, սակայն ոչ բոլոր երկրներն են պատրաստ, բացի այդ, կա նաեւ տրանսպորտային հարց»: -Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում:

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է որեւէ երկիր արգելել, որ Հայաստանը ինքնապաշտպանական զենքեր ձեռք բերի՝ պաշտպանելու երկիրը ադրբեջանական ագրեսիայից:

«Զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ հարցը մենք դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, ինչը տրամաբանական է: Բայց այդ հարցն իրականում բաղկացած է 4 բաղադրիչից: Առաջինը՝ ֆինանսական բաղադրիչն է, երկրորդը՝ քաղաքական, երրորդ բաղադրիչը՝ տեխնիկական, չորրորդը՝ տրանսպորտային: Եվ, երբ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռքբերման մասին, պետք է արձանագրենք, որ այն բաղկացած է այս 4 բաղադրիչներից: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք: Երկրորդ բաղադրիչը քաղաքականն է. բնականաբար ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին: Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել, զենք գնի»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ պատրաստ լինել եւ չլինելը բերում է հետեւանքների, այդ թվում՝ անվտանգային: Վարչապետը նշեց՝ սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, երբ զենքը գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ:

Խոսելով տեխնիկական խնդրից՝ նա ասաց, որ կան որոշ երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել եւ չկա որեւէ խնդիր, բայց չունեն անհրաժեշտ զենքը ամենատարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: «Օրինակ` այն տրամաբանությամբ, որ նրանց արտադրական ծավալներն ու պատվերներն առաջիկա տարիներին, երբեմն շատ երկար տարիների կտրվածքով, այնպես են դասավորված, որ նրանք նաեւ  ներքին կարիքների, նաեւ շուկայում իրենց դիրքը չկորցնելու համար պետք է պայմանագրային որոշ պարտավորություններ կատարեն»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով տրանսպորտային բաղադրիչից՝ նա ընդգծեց՝ ցավոք, Հայաստանը ելք չունի դեպի ծով: Ըստ նրա՝ շատ դեպքերում տրանսպորտային բաղադրիչն իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից, երբեմն ավելի սրվում է՝ այդ թվում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Վարչապետը հավելեց՝ չի ասում, թե ֆինանսական ռեսուրսներն անսահմանափակ են, սակայն, պաշտպանունակությունը էականորեն բարձրացնելու, այդ առումով բավարարված զգալու խնդիրը լուծելու համար կան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Իսկ արդյոք կառավարությունն աշխատո՞ւմ է՝ հնարավոր խնդիրները հաղթահարելու համար, նա վստահեցրեց, որ աշխատում են ամենօրյա ռեժիմով:

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՉԷ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով:

 

Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ժողովուրդ հայոց

Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով եւ անհանգստությամբ ենք հետեւում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետեւանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր եւ վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաեւ նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի եւ ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։

Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել եւ հարատեւություն ունենալ։

Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները եւ առ Աստված ձայնող տաճարները։

Առկա իրադրության մեջ չպետք է թույլ տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բեւեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։

Մեր միասնականությամբ եւ հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաեւ այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք եւ սատար լինենք Հայոց Բանակին եւ հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք եւ գործենք առ հայրենին սիրով եւ պատասխանատվությամբ։

Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատեւության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան եւ նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։

Եղբայրական մեր դիմումն է Քույր Եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար եւ կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։

Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերը ամուր ու տոկուն պահի եւ Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։

Աստված պահապան Հայոց բանակին եւ մեր հայրենիքին։

 

 

 

ԸՆՏՐԱԳՐԱՎ

Սեպտեմբերի 25-ին  Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական  ընտրություններին մասնակցող «Արդարություն» կուսակցության եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքը՝ «Արժանապատիվ սերունդը» ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում դրամական միջոցներ,եկամուտներ,  անշարժ եւ շարժական գույք չի ներկայացրել։ Այդ հայտարարագիրը վավերացված է «Արդարություն» կուսակցության կնիքով։ Եկամուտներ, դրամական միջոցներ եւ գույք չունեցող այդ դաշինքը պետական բյուջե է մուծել  ընտրագրավի գումարը՝ 500 հազար դրամ: Այդ գումարը կվերադարձվի դաշինքին, եթե դաշինքը  սեպտեմբերի 25-ին ստանա ընտրություններին մասնակցածների քվեների 7 տոկոսը։ Բերդ քաղաքից հայտնեցին, որ ընտրությունների հավանական մասնակիցների թիվը շուրջ 12 հազար է, այսինքն՝ նշված դաշինքը ընտրագրավը ետ ստանալու համար պետք է ստանա առնվազն  840 քվե, ինչը կասկածելի է։

 

 

 

 

55 ՄԱՐԴ ՉԵՆ ՀԱՎԱՔԵԼ

Իշխանամետ կայքերից մեկը հղում անելով ԱԱԾ-ից աղբյուրին՝ գրել է, թե սեպտեմբերի 25-ին Բերդ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին համար Վահրամ Սուքիասյանի վարկանիշը 55 տոկոս է։ Դա հարուցել էր Բերդ համայնքի շատ բնակիչների զարմանքը, քանզի Բերդ համայնքի գյուղերում շատերը Վահրամ Սուքիասյանին չեն ճանաչում։ «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական շտաբի պետ, այդ դաշինքի թեկնածուների ցանկի 4-րդ համար  Արամ Նիգոյանը, ով 1989 թվականից ԱԻՄ անդամ է, 1999-ից Նավուր գյուղի ղեկավարը սեպտեմբերի 12-ին  Բերդ համայնքի գյուղերից մեկում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է այդ տեղեկատվությանը՝ հայտարարելով, որ երբ ՔՊ-ականները երթով անցնում են Բերդ քաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի փողոցով, նույնիսկ 55 մարդ չեն կարողանում հավաքել։

 

 

 

 

ԲԵՐԴՈՒՄ ԱՊԱԳԱ ՉԿԱ

Սեպտեմբերի 7-ին Բերդ խոշորացված համայնքի սահմանամերձ Այգեձոր գյուղում սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ համայնքի ավագանու ընտրությունների կապակցությամբ քարոզարշավ անող ՔՊ կուսակցության անդամների հետ վիճաբանություն է եղել։ Այգեձորից հայտնեցին, որ Այգեձորի նախկին գյուղապետ Սասուն Սաֆարյանին զայրացրել է «Բերդում ապագա կա» ՔՊ-ական կարգախոսը։ Նա վրդովվել է, ասելով, թե ի՞նչ ապագա կարող է լինել ներկա իշխանության օրոք, դժգոհել նաեւ տարիներ առաջ կառուցված Բերդ-Այգեձոր-Չինարի ավտոճանապարհի Այգեձորի հատվածի որակից, որտեղ ասֆալտը փռել են մեկ շերտով։ Այգեձորի հատվածում ճանապարհը հիմնանորգել է Վանաձորից ճանապարհաշինական ինչ-որ կազմակերպություն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս