Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ճանաչվել են որպես անկախ տարածքներ՝ հետագայում դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման համար։ Այս մասին ասվում է համապատասխան փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 29-ին ստորագրված փաստաթղթերում ասվում է, որ համապատասխան միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին՝ հաշվի առնելով ուկրաինական տարածքների բնակիչների կամքը հանրաքվեի ժամանակ, պետք է ընդունել Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը։
Փետրվարի 22-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ։ Ավելի ուշ շրջանները հայտարարեցին Ռուսաստանի կազմում ընդգրկվելու ցանկության մասին։ Հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 23-27-ը։ ԼԺՀ-ում քվեարկության արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է բնակիչների 98,42 տոկոսը, ԴԺՀ-ում՝ 99,23 տոկոսը, Խերսոնի շրջանում՝ 87,05, Զապորոժիեում՝ 93,11 տոկոսը։