ԱԺ-ն նոր վարկ կվավերացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը կվավերացվի խորհրդարանում։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ կառավարությունը։

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2022թ հունիսի 9-ին ստորագրվել է ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը՝ 22 600 000 եվրո գումարի չափով:

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով»:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 17 ավագ դպրոցների հիմնանորոգում, որոնցից, հաշվի առնելով հիմնանորոգման համար պահանջվող միջոցների չափը, հնարավոր եղավ կազմակերպել եւ իրականացնել 13 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում, հնարավոր է իրականացնել մնացած 4 ավագ դպրոցների հիմնանորոգումը:
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչեւ 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը»:

Համաձայնագրով Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել քսաներկու միլիոն վեց հարյուր հազար եվրո գումարի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկմամբ՝ Համաձայնագրի 1-ին Առդիրում նկարագրված ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Ն.Հ.




Լրահոս