ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Նախագահն ասել էր. «Ռուսական կողմը օգտագործում է դարերով ձգվող հակամարտությունը և Թուրքիայի աջակցությամբ խաղում ադրբեջանական խաղը։ Դրանով թուլացնում է Հայաստանը, որի հետ մտերիմ էր ժամանակին։ Դուք տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Դա Ռուսաստանի փորձն է՝ անկայունություն ստեղծելու։ Ռուսաստանը ցանկանում է քաոս ստեղծել Կովկասում՝ անկայունության մեջ գցելով բոլորիս»։
Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործում է ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, մենք աղաղակող և բացարձակապես անընդունելի ենք համարում։ Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին սատանայացնելու՝ Արևմուտքի հակառուսական գծին և վկայում են Ուկրաինայից առճակատման տրամաբանությունը հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին։ Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու՝ Փարիզի անհետաքրքրության մասին և կասկածի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու՝ նրա երկրի կարողությունը»։
Զախարովան նաև հավելել է. «Փարիզի փորձերը՝ սեպ խրել Ռուսաստանի և մեզ մոտ գտնվող Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում, որոնց հետ Ռուսաստանը կապված է երկարաժամկետ և բազմաբնույթ կապերով, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»։