Մեկ օր տևած ակցիայի շրջանակում շուրջ 40 կին անվճար ստուգում է անցել, մեկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղում է: Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1200-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20 տոկոս: Այս մասին հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից, նշելով, որ այս վիճակագրական տվյալների պայմաններում խիստ կարևոր է կանխարգելիչ ծառայությունների մատչելիությունը, ինչպես նաև՝ պարբերաբար անցկացվող անվճար հետազոտությունները, ինչն ապահովում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը:

Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվել է անվճար մամոգրաֆիկ հետազոտություն 40-ից բարձր կանանց համար: Մեկ օր տևած ակցիայի շրջանակում շուրջ 40 կին հնարավորություն են ունեցել անցնել անվճար ստուգում:

Հետազոտությունների արդյունքում, ցավոք, շատերի մոտ հայտնաբերվել են տարատեսակ խնդիրներ: 16 կանանց մոտ հայտնաբերվել է մաստոպատիա, 5-ի մոտ՝ ֆիբրոադենոմա, 3-ի մոտ՝ ֆիբրոզ օջախ, 2-ի մոտ՝ նեկիստոզ պապիլոմա: Հետազոտվող կանանցից մեկի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է պարբերաբար անցնել հետազոտություններ, ստուգվել, կանխարգելել չարաբաստիկ հիվանդությունը: Նշվում է, որ սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։

Կենտրոնում ակցիաներն անցկացվում են պարբերաբար:




Լրահոս