Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից
«Մենք միշտ բարձր ենք գնահատել մեր համագործակցությունը: Հիմա առավել ևս բարձր ենք գնահատում, հաշվի առնելով, որ դուք ներկայացված եք և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում»,- ողջունելով հյուրերին՝ ասել է նախագահ Խաչատուրյանը:
Նախագահը բարձր է գնահատել ԿԽՄԿ ջանքերն՝ ուղղված Ադրբեջանում մինչ օրս պահվող անձանց և նրանց հարազատների միջև կապի հաստատմանը, ինչպես նաև նրանց ընդհանուր առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալուն:
Ըստ աղբյուրի՝ Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և ողջունել պետական մարմինների ներկայացուցիչների կողմից Կարմիր խաչի գործունեությանը ցուցաբերվող աջակցությունն ու պատրաստակամությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմում և դրանից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքներով ադրբեջանական կողմում անազատության մեջ պահվող անձանց ու անհետ կորածների խնդրին:
Երկուստեք ընդգծվել է, որ հումանիտար բնույթի հարցերը չպետք քաղաքական շահարկումների առարկա դառնան: