ՔՊ-ական պատգամավորները նորից գործուղումների են մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանով խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հերթական գործուղումներին կմեկնեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններին (ըստ երևույթին՝ դիտորդական առաքելությամբ) մասնակցելու համար այս տարվա նոյեմբերի 18-21-ը Աստանա կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Նարեկ Ղահրամանյանն ու Վաղարշակ Հակոբյանը:

ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար նոյեմբերի 13-14-ը Փարիզ՝ Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնելու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Մեկօրյա այցից հետո Վարդանյանը մոտ տասն օր անց էլ՝ նոյեմբերի 23-26-ը, Ռեյկյավիկ՝ Իսլանդիայի Հանրապետություն կմեկնի՝ մասնակցելու ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստին:

Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանի գործուղումների հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսերը, գիշերակացի ու օրապահիկի գումարները, ՀՀ պետբյուջեի հաշվին է արվելու, իսկ Աստանա մեկնող ՔՊ-ականների մեկնման հետ կապված ծախսերից միայն գիշերակացի գումարն է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հոգալու:

Սևակ Վարդումյան




Լրահոս