Դեկտեմբերի 8-ի կառավարության նիստում վարչապետը խոսեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի մասին։ Ըստ այդմ՝ Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո։
«Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- այդ ժամանակ նիստին նշել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը:
Համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով: Հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն: Օրենքի հոդված 18-ն ամրագրում է, թե ով է իրավասու նշանակել արտաքին հետախուզության պետին:
Հոդված 18. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակումը
1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:
2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:
Նկատենք, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Հնարավորություն կընձեռվի Արտաքին հետախուզության ծառայությունը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով:
Ն.Հ.