Ադրբեջանի «բնապահպանների» առաջարկները բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար. նախագահ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից:«Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական «բնապահպանների»՝ հանքավայրեր այցին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պահպանման պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ ադրբեջանական բնապահպանների այց հանքավայր»,- նշել է Արցախի նախագահը:

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը չի պահպանել արցախյան կողմի պայմանները և նրանց պատասխանը եղել է արդեն ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝ ոչ միայն լուրջ հումանիտար խնդիրներ ստեղծելով Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

«Հուսով ենք, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը»,- ընդգծել է Արցախի նախագահը:

Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին, արցախյան իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում:




Լրահոս