ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները:
ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված՝ լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք
էական հանգամանքներ պարզելու նպատակով։
ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնի և Ոստիկանության ծառայողների համագործակցված և համակարգված ծավալուն գործողությունների արդյունքում նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Արարատի մարզում 2022 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում` նույն մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․Մ․-ի և Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև։
Պարզվել է, որ խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել են նաև ձայնագրության մեջ նշվող այն անձանց ինքնությունը և տվյալները, որոնց միջոցով կարող էր կազմակերպված լինել վերոնշյալ գործընթացը։
Դատարանի համապատասխան որոշման հիման վրա այդ գործընթացին հնարավոր առնչություն ունեցող մի քանի անձանց՝ Արարատի մարզի տարբեր համայնքներում գտնվող բնակարաններում 2023թ․ հունվարի 11-ին կատարվել են խուզարկություններ, ինչպես նաև քննչական և վարութային այլ գործողություններ։
Խուզարկության արդյունքում առգրավվել են «Հայաստան Դաշինք» գրառմամբ թղթապանակներով տասնյակ թղթեր, որոնք գրառումներ են պարունակում բազմաթիվ անձանց անձնական և անձնագրային տվյալների, ստորագրությունների, ընտրատեղամասերի, գումար ստանալու, ինչպես նաև դրանից հրաժարվելու վերաբերյալ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու, դրան առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։