Armenian text to speach

Ինչ ունեցվածք ունի ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանի անցած ուղին և ունեցվածքը ։ Տերչանյանը ԿԸՀ անդամների շարքում վերջինն է, որի հայտարարագիրն ուսումնասիրում ենք։

Արուսյակ Տերչանյանը  տարիներ շարունակ աշխատել է ընտրական համակարգերի ոլորտում։ Մասնավորապես, 2001-2004 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունում՝ IFES-ում, որպես քաղաքացիական կրթության ուսուցանող, իսկ հետագայում նույն կառույցում շարունակել է աշխատել որպես դասընթացավար և համակարգող։ 2015-2019 թվականներին ղեկավարել է Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնը, իսկ 2018-2019 թվականներին եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։

2019 թվականին փորձագիտական աշխատանք է իրականացրել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Հայաստանում ընտրությունների աջակցության նախագծում։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի որոշմամբ Տերչանյանն ընտրվել է ԿԸՀ անդամ, իսկ պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 12-ին։

Ի՞նչ ունեցվածք ունի Տերչանյանը

2025 թվականի հայտարարագրի  համաձայն՝ նա ունի մեկ բնակարան Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Բնակարանը ձեռք է բերել 2015 թվականի սեպտեմբերի 19-ին՝ գնման եղանակով։

2025 թվականին Տերչանյանը որևէ նոր անշարժ գույք չի ձեռք բերել, ինչպես նաև անշարժ գույք չի օտարել։ Ավտոմեքենա նույնպես չի հայտարարագրել։

Բանկային ավանդները 2025 թվականի սկզբում կազմել են 30 մլն 300 հազար դրամ և 7595 ԱՄՆ դոլար։ Տարվա վերջին դրամային ավանդը հասել է 39 մլն 500 հազար դրամի, իսկ դոլարային ավանդը մնացել է նույնը՝ 7595 դոլար։

Բանկային հաշիվներում ևս տարբեր չափերի գումարներ են եղել։ Տարվա վերջում հաշիվների մնացորդները կազմել են 38 հազար 510 դրամ, 720 հազար 760 դրամ, 300.71 եվրո և 792.27 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցների մասով՝ տարվա սկզբում Տերչանյանը հայտարարագրել էր 600 հազար դրամ, 1500 դոլար և 2 հազար եվրո։ Տարվա վերջին կանխիկ գումարը կազմել է 350 հազար դրամ, 900 դոլար և 1500 եվրո։

2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 14 մլն 691 հազար 774.58 դրամ։ Դրանից 13 մլն 45 հազար 479 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են՝ ԿԸՀ-ից։ Եվս 1 մլն 538 հազար 673 դրամ նա ստացել է ԿԸՀ-ից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։

Փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց տոկոսների և այլ հատուցումների տեսքով Տերչանյանը ստացել է նաև 292.27 ԱՄՆ դոլար։

Վարկային պարտավորությունների մասով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 17 մլն 855 հազար 873 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկը կապված է բնակարանի հետ։

Ի՞նչ ուներ պաշտոնը ստանձնելու ժամանակ

Հետաքրքիր է նաև համեմատել Տերչանյանի 2025 թվականի ունեցվածքը այն գույքի և միջոցների հետ, որոնք նա հայտարարագրել էր ԿԸՀ անդամի պաշտոնը ստանձնելու ժամանակ՝ 2022 թվականին։

2022 թվականի հայտարարագրում նույնպես նա ուներ մեկ բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը ձեռք էր բերել 2015 թվականին։ Այսինքն՝ 2025 թվականին անշարժ գույքի քանակը չի փոխվել։

2022 թվականին ավտոմեքենա նույնպես չի հայտարարագրել, իսկ 2025 թվականին ևս տրանսպորտային միջոց չի ունեցել։

Բանկային միջոցների մասով  էական փոփոխություն է նկատվում։ 2022 թվականին նա հայտարարագրել էր 5 մլն 23 հազար 983 դրամ, 10 մլն 500 հազար դրամ և 7595 դոլար ավանդներ, մինչդեռ 2025 թվականի վերջում դրամային ավանդները կազմել են 39 մլն 500 հազար դրամ, իսկ դոլարայինը՝ 7595 դոլար։

2022 թվականին Տերչանյանի ընդհանուր եկամուտը կազմել էր 10 մլն 525 հազար 61.46 դրամ, մինչդեռ 2025 թվականին այն արդեն հասել է 14 մլն 691 հազար 774.58 դրամի։

Այսպիսով, պաշտոնը ստանձնելուց հետո Տերչանյանի անշարժ գույքի և ավտոմեքենաների մասով փոփոխություն չի արձանագրվել։ Փոխարենը զգալիորեն աճել են նրա բանկային ավանդների դրամային մնացորդները, իսկ տարեկան եկամուտը 2022 թվականի համեմատ աճել է շուրջ 4.2 մլն դրամով։




Լրահոս