Քիչ առաջ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի «պադվալում» վատացել է:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը դիմել է Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանքի տակ են ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը: Իսկ ահա զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ազատության մեջ է:
Հավելենք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Քնար Մանուկյան