Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը՝ մարտի 12-ի երեկոյան, սկսվել է ցամաքային ծառայությունների աշխատակիցների նախազգուշական գործադուլը։ Սպասվում Է, որ մարտի 13-ին օդանավակայանում կչեղարկվեն բոլոր 123 պլանավորված թռիչքները և պլանավորված 121 վայրէջքներից առնվազն 50-ը, բազմաթիվ չվերթներ կիրականացվեն ուշացումներով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Բացի այդ, գործադուլի պատճառով մարտի 14-ին մեկնող ուղևորները չեն կարողանա մարտի 13-ի երեկոյան նախապես գրանցվել չվերթի համար։ Այն ուղևորներին, որոնց չվերթների վրա ազդել Է գործադուլը, օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է չներկայանալ։
dpa գործակալությանը տված հարցազրույցում Ver.di արհմիության քարտուղար Լարս Ստուբեն հայտնել է, որ արհմիությունը կոչ է արել օդանավակայանի շուրջ 2 հազար աշխատակցի մասնակցել գործադուլին, որը կտևի մինչև մարտի 13-ի երեկո: dpa-ի գնահատմամբ՝ դրա հետևանքները կարող են ազդել տասնյակ հազարավոր ավիաուղևորների վրա՝ հաշվի առնելով, որ Համբուրգի դպրոցներում այժմ գարնանային արձակուրդներ են:
Մարտի 13-ի առավոտյան Համբուրգի իրենց գործընկերներին են միացել նաև Հանովերի օդանավակայանի և Բեռլինի BER օդանավակայանի աշխատակիցները։
Ver.di արհմիությունը պահանջում է 10,5 %-ով և ամսական առնվազն 500 եվրոյով բարձրացնել հանրային ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը դաշնային և համայնքային մակարդակներում:
Գործատուներն իրենց հերթին առաջարկում են երկու փուլով աշխատավարձերի աստիճանական բարձրացում՝ 5 %-ով և աշխատակիցներին միանվագ վճարումներ՝ 2500 եվրոյի չափով։ Կողմերի միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի Պոտսդամում, մարտի 27-ից 29-ը։