Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնին (International Flamenco Festival), որը կանցկացվի մայիսի 8-14-ը Երեւանում, տեղի կունենան համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաեւ արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։
Փառատոնը «Ձգողականություն» համերգով կմեկնարկի մայիսի 8-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Երեկոյին ելույթ կունենան պարողներ Ֆաննի Արան (ԱՄՆ-Ֆրանսիա, Իսպանիա), Քրիստիան Պերեսը (Իսպանիա), Օլգա Պշենիցինան (Ռուսաստան), Օքսանա Սերիկը (Ռուսաստան), Ջուլիա Պլամսը (Ռուսաստան), կիթառահար Խոսե Ռոմերո Դիասը (Իսպանիա), վոկալ ֆլամենկո Մելքիոր Կամպոսը (Ֆրանսիա), «Զարթոնք» պարային համույթը, Մանուչարյան տրիոն, Արսեն Պետրոսյան քառյակը։ Մայիսի 9-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կներկայացվի «Հոգի» ֆլամենկո ներկայացումը։ «Հոգին բոլոր կենդանի էակների էությունն է: Հոգու լեզուն համընդհանուր է եւ հասկանալի բոլորին եւ ամենուր: Պետք չէ իսպաներեն իմանալ, որպեսզի կարեկցես այն էմոցիաներին, որոնք ֆլամենկոյի երգիչն է ներդնում իր պատմություններում: Պարտադիր չէ լինել դասական երաժշտության գիտակ Վիվալդիի փայլուն ստեղծագործությունների միջով թռչելու զգացումն ապրելու համար։ Դուք կարող եք գտնել ձեր հոգու համար թանկ մի բան այնտեղ, որտեղ երբեք չէիք ակնկալում»,-նշված է ներկայացման նկարագրում։ Ներկայացման շրջանակում թատրոնի բեմում Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսպանիայի արտիստները կստեղծեն մեկ կտավ, որը բաղկացած է տարբեր դարաշրջանների եւ ոճերի երաժշտությունից, ֆլամենկո պարերից եւ տեսահոլովակներից։
Մասնակիցներն են՝ Հայաստանի Կամերատա նվագախմբի կոնցերտմայստեր՝ Աստղիկ Վարդանյան, վոկալ ֆլամենկո՝ Մելքիոր Կամպոսի (Ֆրանսիա), Ֆլամենկո պարային թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Եկատերինա Ցվետկովա), խորեոգրաֆիա՝ Եկատերինա Ցվետկովա, Խավիեր Լատորե, երաժշտությունը՝ Անտոնիո Վիվալդի, Աստոր Պիացոլլա, իսպանական ժողովրդական երաժշտություն։ «Միջազգային համագործակցության եւ փոխադարձ համակրանքի վրա հիմնված ամուր կապերի ստեղծումը, որը ծնվում է տարբեր երկրների մասնակիցների միջեւ, փառատոնի հիմնական նպատակներից է։
Ֆլամենկոյի արվեստը վաղուց դարձել է միջազգային: Gravity փառատոնին հրավիրելով տարբեր երկրների արտիստների՝ մենք ցանկանում ենք աջակցել միասնության եւ համերաշխության նախաձեռնությանը։ Եվ որպես մեկնարկային հարթակ ընտրելով հյուրընկալ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը՝ եւս մեկ անգամ ցանկանում ենք ցույց տալ, թե որքան անսահման է այս արվեստը»,- նշում են միջոցառման կազմակերպիչները։
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանն իր ստեղծագործական առաջին քայլերն արել է 12-13 տարեկանում, սակայն պրոֆեսիոնալ գործունեության մեկնարկ է համարում 2003 թվականը, երբ գրել է «Սոնատ դաշնամուրի համար» գործը:
2023-ին Շահրիմանյանի համար կրկնակի հոբելյանական է՝ երեսունհինգամյակ եւ ստեղծագործական գործունեության քսանամյակ: Կոմպոզիտորը հոբելյանները նշելու է հեղինակային համերգով, որը տեղի կունենա մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգին հանդես կգան նշանավոր ջութակահար, Գինեսի ռեկորդակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը, թավջութակահար Դավիթ Մելքոնյանը, որը միջազգային մրցույթների դափնեկիր է, դաշնամուրի մոտ է լինելու հեղինակը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Ժիրայր Շահրիմանյանը:
ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երկրորդ մենամարտն անցկացրեց: Հայ բռնցքամարտիկն ուժերը չափեց Իրանի ներկայացուցիչ Պուրիա Ամիրիի հետ: Նա հաղթեց 5:0 հաշվով:
Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Երեկ իր մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջել էր 0:5 հաշվով:
ՉԼ-Ի ՀԱՂԹՈՂ
Հայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով:
Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթել է 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի կողմից հետ մղված հարվածի:
ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՐԶՉԻՆ
Վրացական «Թելավին» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանը «Թելավին» գլխավորել էր այս տարվա մարտին։ Նրա ղեկավարությամբ թիմը Վրաստանի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, կրել 5 պարտություն, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։
«Թելավին» 12 տուրից հետո 7 միավորով 8-րդն է 10 թիմերի պայքարում։
ՆՎԱՃԵԼ Է ԵՐԵՔ ՄԵԴԱԼ
Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը մասնակցել է Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված Very Nice մրցաշարին։
Նա նվաճել է երեք մեդալ. հաղորդում է ՄՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Աննա Բադալյանը ոսկե մեդալներ է նվաճել բազմամարտում եւ գնդակով վարժությունում, արծաթե մեդալ՝ ժապավենով վարժությունում։