«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել պաշտոնյաների հայտարարագրերում առկա անճշտությունների մասով, եւ հիմա սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
Եւ, ահա, ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտված անճշտություններն ու թաքցված նվերները դարձել են խնդիր պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար: Իհարկե, նրանք ինչ-ինչ բացատրություններ տվել են, բայց թե որքանով են հիմնավոր բացատրությունները, ցույց կտա ժամանակը:
Իսկ ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջնական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է, դա միանշանակ է: Անցակետի տեղադրումը լրիվ այլ իրավիճակ է ստեղծել. փաստորեն, դրանից հետո Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է »,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ավելի շատ դրա մասին տեղեկացված են իշխանությունները, որոնք մեզ ոչինչ չեն ասում, բայց ակնհայտ է, որ ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, հիվանդներ չեն տեղափոխվում Արցախից Հայաստան, ընտանիքների միավորում եւս չի կատարվում: Առավել քան ակնհայտ է, որ նման տեսակի բոլոր գործառույթները դադարեցված են: Կոնկրետ ապրանքատեսակների մասին տեղեկություն չունեմ, բայց, որ ամենակարեւորն է, աղողջական խնդիր ունեցող մարդկանց տեղափոխում չի իրականացվում»,-ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրեական վարույթով անցնում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՎ վարչությունում հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես Հովհաննես Շահինյանն էր հայտնել, ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի, քննիչի որոշման համաձայն, ձերբակալեն Շահինյանին, թեեւ վերջինս արդեն տեւական ժամանակ է՝ բացակայում է երկրից: Նշենք, որ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորման տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է: Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել:
Այս օրերին կրկին ակտիվորեն նշվում է այն մասին, որ ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը Մամուլի ազատության ինդեքսում: Մասնավորապես, հրապարակված ինդեքսում Հայաստանը, 51-րդ հորիզոնականի փոխարեն, արդեն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Այս ինդեքսը ներկայացված է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում: Իհարկե, առաջին հայացքից դրական է այս ինդեքսում հորիզոնականի բարելավումը, սակայն զեկույցում իրականում մեծ թվով խնդիրներ են ներկայացված: Որպես խնդրահարույց կետ՝ նշվում է այն հանգամանքը, որ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որեւէ քննադատությունից, մյուս կողմից՝ ատելության խոսքի մեծ չափաբաժնի մասին է նշված: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։