«Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այնքան էլ ճիշտ չի համարում այդպիսի հուշարձանի տեղադրումը, եւ որ այդ որոշման մասին տեղյակ էլ չի եղել։
Իսկ, ահա, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ հայտարարել է, թե որոշում կայացնողներն այլեւս իրենց քաղաքական թիմի անդամ չեն։
«Իրականում այն մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել կամ իրականացրել են կամ համաձայնությունները տվել են եւ՛ ԱԳՆ-ում, եւ՛ Երեւանի քաղաքապետարանում, իմ տեղեկություններով, նրանք այլեւս մեր քաղաքական թիմի անդամ չեն։ Միգուցե նրանցից շատերը երբեք չեն էլ եղել մեր քաղաքական թիմի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանն ասել է Պապոյանը։
Նկատեցի՞ք՝ նույն հարցի շուրջ իշխանության երկու ներկայացուցիչներ տարբեր բաներ են խոսում:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործող իշխանության անդամ է: 2023 թ. ապրիլի 4-ին նա նշանակվել է վարչապետի խորհրդական, եւ նրա օրոք են ձեռք բերվել բոլոր պայմանավորվածությունները:
Այնպես որ, մանիպուլյացիան չի անցնի:
Ավելին՝ Հայկ Մարությանին ՔՊ-ն գահընկեց արեց, քանի որ ինքնագլուխ որոշումներ էր կայացնում: Նրա գնալուց հետո ամեն մանրուք զեկուցվում է Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ Հրաչյա Սարգսյանը փորձի հակառակն ապացուցել, հավատարժան չեն նրա խոսքերը։
Արցախում ներքաղաքական կյանքը Սամվել Բաբայանի հանրահավաքից հետո փոթորկվել է: Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ: Այլ կերպ ասած, Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը Բաբայանի երեւանյան կուրատորներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բաբայանը խժդժություններ անում Արցախում: Նկատենք, որ հանրահավաքը Արցախում կայացավ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը ճանաչեց խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, սակայն Սամվել Բաբայանն այդ մասին ոչինչ չասաց: Նա միայն հայտնեց, թե դա Հայաստանի իրավունքն է, մենք պիտի մեր անելիքներն իմանանք, սակայն իրականում հանրահավաքով գոլորշի բաց թողեց, որ դժգոհությունը պարպվի եւ շեղվի Փաշինյանի վրայից։ Հիմա Արցախում բոլորը շունչները պահած սպասում են նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը՝ կնշանակի արդյոք Բաբայանին պետնախարարի պաշտոնում, թե ոչ: Արցախի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանի ճնշման ներքո Հարությունյանը կգնա այդ քայլին, որքան էլ որ իր սրտով չլինի, բայց եւ անհավանական են համարում Բաբայանին այս փուլում այդ բարձր պաշտոնը վստահելը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղումներ մեկնելու հարցում բավականին ակտիվ է։ Նա այս տարի՝ մինչեւ մայիսի 15-ը, չորս գործուղման է մեկնել։ Նախարարի առաջին գործուղումը եղել է հունվարի 19-21-ը, երբ Ավանեսյանն Իրան էր մեկնել։ Այնտեղ նա մասնակցել է «Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համագումար»-ին։ Գործուղումից հետո ներկայացված հաշվետվությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ այնտեղ Ավանեսյանը հանդիպումներ է ունեցել, նաեւ աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացրել։ Մարտի 17-19-ը նա մեկնել է Կատար, այնտեղ մասնակցել համաժողովի, եւ որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը։ Ավանեսյանը մարտին երեք անգամ է գործուղման մեկնել եւ Կատարից վերադառնալուց երեք օր անց մեկնել է Սանկտ Պետերբուրգ, այնտեղ կրկին համաժողովի մասնակցել։ Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ որեւէ փաստաթուղթ, հուշագիր չի ստորագրվել, միայն եղել են հանդիպումներ եւ ելույթներ։ Մարտին եւս մեկ անգամ է գործուղում եղել, այս անգամ էլ՝ մարտի 29-ից 31-ը՝ Շվեյցարիա։ Այսինքն՝ մարտ ամիսը նրա համար բավականին ակտիվ է եղել։ Այստեղ եւս փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն աշխատանքային խմբի մեկնարկ է տրվել հետագա աշխատանքների համար։ Առկա տվյալների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանի վերջին գործուղումը մինչ այս պահը եղել է Հնդկաստան ապրիլի 25-ից 29-ը, որի ժամանակ նախարարը մասնակցել է գագաթնաժողովի։ Իսկ ու՞մ հաշվին են եղել գործուղումները՝ կհարցնեք դուք. մեծ մասը եղել է պետական բյուջեի հաշվին, որոշ մասը՝ հրավիրող կողմի, սակայն ամենաթափանցիկ կառավարությունը թաքցնում է անդամների գործուղման ծախսերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստան ներմուծված 1տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա, որում ներգրավված են ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում ապրող քաղաքացիներ։ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանավորվել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուստի կալանավորումների շարք է սպասվում այդ գործի շրջանակներում: Իսկ թե ովքեր են ներգրավված գործում, կներկայացնենք մանրամասներ առաջիկայում։ Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված եւ իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողություններով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է: