Նաիրա Զոհրաբյանը եզդիների հալածանքների մասին զեկույցները փոխանցել է ԵԽԽՎ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի քանի ամիս առաջ դիմել ենք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին` ԵԽԽՎ-ում բարձրաձայնելու Իրաքում բնակվող եզդիների խնդիրները»,- այսօր մեզ հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանող Մամե Ամիրյանը: Վերջինս մանրամասնեց, որ արաբական մասում իսլամիստների կողմից եզդիները ենթարկվում են բռնաճնշումների, որոնց հետևանքով մեծ թվով եզդիներ են սպանվում:

Եզդի ազգի ներկայացուցիչը հայտնեց նաև, որ եզդիական համայնքի կողմից պատրաստվել են անգլերեն լեզվով զեկույցներ, որոնք փոխանցվել են ԲՀԿ-ական պատգամավորին:

Մամե Ամիրյանի պնդմամբ` իրենք համագործակցության եզրեր են փնտրել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն միայն ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է արձագանքնել իրենց խնդրանքին` անցած տարի հոկտեմբերին այդ խնդիրը բարձրաձայնելով ԵԽԽՎ պատգամավորների շրջանակներում:

«ԵԽ-ում նախապատրաստվում է զեկույց տարբեր երկրներում ազգային փոքրամասնությունների, այդ թվում եզդիական համայնքի հանդեպ ճնշումների վերաբերյալ», – մեզ հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մանրամասնելով, որ ինքն արդեն եզդի համայնքի կողմից իրեն տրամադրված զեկույցները փոխանցել է ԵԽԽՎ-ում այդ հարցերով զբաղվող պատվիրակ Սերենց Կալմարին: Նա հայտնեց նաև, որ արդեն ստացել է ԵԽԽՎ-ի իր գործընկերոջ պատասխանը, որում մասնավորապես նշվում է, որ այդ զեկույցները չեն կարող ներառվել այս տարվա ապրիլյան նստաշրջանի զեկույցի մեջ, և որ Կալմարը խոստացել է իր հետագա զեկույցներում բարձրաձայնել Իրաքի եզդիների հալածանքների մասին:




Լրահոս