«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը.
«Հաշվետվության վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 և 69.2 տոկոսով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը 2023թ. առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18.2%-ով և կազմել 30.4 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 30.8%։ Կատարողականի նման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարումն ու իրականացումը կառավարության համար շարունակում է մնալ չլուծված լուրջ հիմնախնդիր։
Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ և 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին, դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Բացի այդ, 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաև 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։ Նախատեսված 164 ծրագրերից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրերի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Ընդ որում, ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով ևս, «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է՝ պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։
Փաստորեն՝ չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել և հատկացվել է գումար, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է: Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Այս փաստն առավել մտահոգիչ է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի թերակատարման համատեքստում։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի և անվտանգային խնդիրների պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը։ Իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում։ Ընդ որում, 2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի նման թերակատարումը վտանգավոր ազդակ է. մասնավորապես, արձանագրված փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ամենայն հավանականությամբ կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով: Մինչդեռ, 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը՝ որպես դրա կարևոր արժանիք, նշում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը»։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: