ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին տարօրինակ փաթեթ է կուլ տվել՝ փորձելով Հայաստան բերել 650 գրամ «հաշիշ»․ ուշագրավ դեպք Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օրերս Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման են ենթարկել Հռոմ-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացուն։ Ունենալով հիմնավոր կասկածներ, որ քաղաքացի Մ. Հ.-ն հնարավոր է մարմնում թաքցրել է թմրամիջոցներ, վերջինս ռենտգեն սարքավորմամբ ենթարկվել է զննության, որից հետո մաքսային հսկողության շրջանակում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու նկատմամբ անցկացվող զննումն իրականացնել բժշկի մասնակցությամբ: Այդ նպատակով նա «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն, ուր համակարգչային շերտագրման` տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ստամոքսում և հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում դուրս են բերվել վերջինիս մարմնից:

Քաղաքացու մարմնից ընդհանուր առմամբ դուրս է բերվել «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով շագանակագույն զանգվածների պարունակությամբ 110 հատ ամբողջական, 16 հատ պատռված և բացված պոլիէթիլենային գնդաձև փաթեթ: Հայտնաբերված «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 652 գրամ։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն: Գործին առնչվող նյութերը՝ հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս