Այսօր ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգ ստացավ, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի պատը փլվում է բանուկ ճանապարհին և վտանգում քաղաքացիների կյանքը:
Քաղաքացու փոխանցմամբ, դպրոցի մասնաշենքը 40 տարով քաղաքապետարանը տվել է Ամոյան եղբայրներին, բայց այս պահին չի օգտագործվում, սակայն դրա անմիջապես կողքով բանուկ ճանապարհ է, որտեղով ամեն օր երեխաներ են անցում, իսկ շենքից պոկվող քարերը թափվում են հենց այդ ճանապարհին:
«Շենքը այնքան հին է, որ ամբողջովին քայքայվել է, և դրսից սալիկապատված հատվածները պոկվում թափվում են, այսինքն՝ ցանկացած պահի, կարող է ընկնել ինչ-որ մեկի գլխին, դառնալով դժբախտ պատահարի պառճառ: Այս հարցով երկու-երեք տարի առաջ դիմել եմ քաղաքապետարան, մի քանի անգամ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությանն եմ դիմել, բայց որևէ արձագանք չեղավ, միայն 911 զանգելուց հետո եկել մասնակի քանդել են այդ հատվածը, բայց ամեն անձրև գալուց հետո նորից սկսում են այդ սալիկները թափվել: Ինչքան փորձել ենք տարբեր տեղեր դիմել, ասել են լավ կլինի, երևի այնքան կասեն, մինչև մեկին վնաս լինի»:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Ռոման Ամոյանի հետ, պարզելու թե ինչու է դպրոցի այդ մասնաշենքը, որը քաղաքացու խոսքով իրենց է պատկանում, գտնվում այդ վիճակում:
Ռոման Ամոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ տարածքն իրենք վերցրել են մոտ 10 օր առաջ, և մինչև այդ ավելի վատ վիճակում է եղել, քան հիմա:
«Տարածքը մեզ պետությունը տվել է անհատույց՝ Ամոյան եղբայրների մարզահամալիր դպրոցը այդտեղ բացելու համար: Ես քարերի թափվելու մասով ոչինչ չեմ կարող ասել: Չեմ նկատել, որ քար թափվի, բայց եթե անգամ թափվում է, պարզ է 10 օր առաջ էլ է թափվել:
Մենք պետության համար որևէ լավ բան անելու համար ենք տարածքը վերցրել, հիմա ինձ համար զարմանլի է, որ նման արձագանք կա»- հավելեց Ռոման Ամոյանը:
Մաշա Մելքոնյան