Մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ Տավուշի և Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանների աշխատակազմի պատասխանատուներ, ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը:
Քննարկման հիմնական հարցերը վերաբերել են 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և հանրակրթության նոր չափորոշչին:
Տավուշի մարզում նախորդ երկու տարիներին փորձարկվելուց հետո նոր ուսումնական տարվանից հանրակրթության չափորոշիչը ներդրվելու է մյուս մարզերի և Երևանի բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այդ նպատակով նշված դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, ինչպես նաև դպրոցների տնօրենները և փոխտնօրենները վերապատրաստման դասընթացներ են անցնելու:
«Տավուշի մարզի փորձը հաշվի առնելով՝ մենք արձանագրել ենք խնդիրները, կատարել ենք որոշակի լրամշակումներ, և այս տարի արդեն չափորոշիչը փուլային տարբերակով ներդրվելու է ողջ հանրապետությունում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Ըստ փոխնախարարի՝ նոր չափորոշչով պարտադիր են դառնում նախագծային ուսուցումը, մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները, փոփոխություն է նախատեսվում գնահատման համակարգում, հատուկ շեշտադրում է արված ԲՏՃՄ ուղղության առարկաների, օտար լեզուների և հայագիտական առարկաների ուսուցման որակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Նշվել է նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգով՝ դպրոցների կառավարման բովանդակային և վարչական գործառույթները տարանջատված են։ Կրթության որակի ապահովման գործառույթն ամբողջովին վերապահվում է տնօրենին, իսկ տնտեսական կառավարումը՝ վարչական համակարգողին։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին, ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, «Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում կրթական հաստատություններում իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման ավարտին Արաքսիա Սվաջյանը պատասխանել է տնօրենների կողմից հնչեցված հարցերին, պարզաբանումներ ներկայացրել նրանց հուզող խնդիրների վերաբերյալ: