ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանում եւ Արցախում տարածված Խինդողնի եւ Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները եւ քիմիական բաղադրությունը: Որոշվել են նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը. տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Հալենային եւ նոր հալենային դեղապատրաստուկների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Սլավիկ Դադայանն ասել է, որ խաղողի կորիզներից անջատված յուղը (grape seed oil) լայն համբավ ունի համաշխարհային սննդարդյունաբերության, դեղագործական արտադրության եւ գեղարարության (կոսմետոլոգիա) բնագավառներում:

«Այն պարունակում է մոնո- եւ պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին E, կարոտինոիդներ եւ ֆենոլային միացություն­ներ, որոնք նպաստում են օրգանիզմի հակաօքսիդանտային, իմունապաշտպանիչ, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունների բարելավմանը: Այդ միացություն­ները չեն սինթեզվում մարդու օրգանիզմում, դրանք կարելի է ստանալ միայն սննդա­մթերքի հետ: Մեր հետազոտության նպատակն էր Արենի եւ Խինդողնի տեսակների մեջ եւ վերամշակման առաջնային արգասիքներում պարզել կենսաբանորեն եւ դեղաբա­նորեն ակտիվ բաղադրամասերի առկայությունը եւ դրանց անջատման համեմատաբար պարզ մեթոդների մշակման հնարավորությունը»,- ասել է նա։

Սննդի եւ դեղագործական արդյունաբերության համար Խինդողնի եւ Արենի տեսակի խաղողի կորիզներից լուծամզման եղանակով բարձրորակ եւ չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանների որոշման արդյունքում յուղի ելքը կազմել է 9.5%: Ցույց է տրվել, որ Խինդողնի եւ Արենի տեսակի խաղողի կորիզներից ստացվող յուղերը պարունակում են 1.118 մգ % տոկոֆերոլներ, 3.2 մգ % կարոտինոիդներ, C, P, E վիտամիններ, իսկ դրանց մշակման արգասիք քուսպերը պարունակում են արժեքավոր ազատ օրգանական թթուներ՝ թրթնջկաթթու (0.093 մգ/մլ), գինեթթու (3.105 մգ/մլ), կիտրոնաթթու (0.48 մգ/մլ): Ցույց է տրվել, որ Fe, Cu, Zn, Ca, Mg մակրոտարրերը եւ Mn, Co, Cd, V, Se, Cr, As, Pb միկրոտար­րերը հետազոտվող կորիզների նմուշներում առկա են թույլատրելի չափաքանակների սահմաններում: Պարզվել է, որ խաղողի հումքի օգտագործված  երկու տեսակներն էլ պիտանի են կոմպլեքս եւ անթափոն մշակման արտադրության համար:

«Աշխատանքն ունի եւ՛ կիրառական, եւ՛ հիմնարար նշանակություն. այն նպատակաուղղված է ազգաբնակչության առողջ սննդակարգի բարելավմանը»,- ասել է Սլավիկ Դադայանը: Նա նաեւ  նշել է, որ կատարված ուսումնասիրության վերջնարդյունքում իրականցվել է խաղողի հետազոտված հումքերի եւ դրանց առաջնային քուսպերի մշակման անթափոն արտադրության լաբորատոր տեխնոլոգիական սխեմա, որը կարող է հետաքրքրել շահագրգիռ կազմակերպություններին:

«Սեւ եւ սպիտակ խաղողի կորիզների յուղերի համեմատական հետազոտությունը` կախված կորիզների մանրեցման աստիճանից եւ գազային ածխաթթու գազի հոսքի արագությունից» թեմայով սույն հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտության առաջին փուլի արդյունքների մասին անգլերենով հոդված է տպագրվել է ԵՊՀ-ի գիտական տեղեկագրում (Dadayan A. S., Stepanyan L.A., Sargsyan T.H., Poghosyan A.S., Minasyan E.V., Israelyan M. H., Hovhannisyan A.M., Dadayan S. A. // Study of oil and pomace from grape seeds for the identification of prereouistes of their complex processing / Proceedings of the Yerevan stateuniversity. Chemistry und biology, 2022, 56 (1), p. 18-30):

Հետազոտական աշխատանքում ներգրավված է եղել չորս երիտասարդ գիտաշխատող:

 




Լրահոս