ՌՈՒՄԲԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գառնիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր, 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ ռումբ է տեղադրվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաեւ Լոռու մարզի դատախազության շենքի նկուղներում:

 

Սա վերջը չէ. Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին եւ հայտնել, որ Վանաձոր քաղաքի Մ.Գոշի 6 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի աշխատասենյակում ռումբ է տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 16:22-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին եւ հայտնել է, որ ռումբ է տեղադրել Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի աշխատասենյակում, որը գործի է դրվելու ժամը 23:50-ին:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի նոյեմբերի 02-ին՝ ժամը 16:11-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին եւ հայտնել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքում ռումբ կա տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:36-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարին եւ հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տիգրան Թադեւոսյանի աշխատասենյակում տեղադրված է պայթուցիկ սարք:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի դեկտեմբերի 02-ին՝ ժամը 14:16-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին եւ հայտնել, որ Սպիտակ քաղաքում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ դատավոր Մարտին Արզումանյանի աշխատասենյակի ուղղությամբ, ռումբ է տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:49-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Երեւան քաղաքի դատախազության շենքում ռումբ կա տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:04-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արդարադատության նախարարություն եւ հայտնել, որ շենքի առաջին հարկում ռումբ կա տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2023 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով

զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի 8 հասցեում գտնվող ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված:

Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Բաղդասարյանի կողմից հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանել, այսինքն՝ այդկերպ տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչով է զբաղված Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը՝ ի դեմս ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի, երբ հիմնարկում կալանավորները  ահաբեկչության են դիմում։

 

 

 

 

 

Ո՞Վ Է ԿՐԱԿԱՀԵՐԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արամ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թ. մարտի 7-ին իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող, գործով չպարզված մոդելի եւ 7.65 մմ տրամաչափի հրազենից՝ ատրճանակից, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով դիտավորությամբ կրակահերթ է արձակել Արսեն Աշոտի Սարգսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներ,

 

սակայն Ա. Ասատրյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել իրագործել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, որի ընթացքում նույն ատրճանակով արձակված կրակահերթերի արդյունքում հանրավտանգ եղանակով դիտավորությամբ վնասել է Ռոբերտ Ռաֆիկի Ներսիսյանին պատկանող «Ֆորդ Ֆոկուս 2.3» մակնիշի ավտոմեքենան եւ Արթուր Համբարձումի Քոլոյանին պատկանող «Հոնդա Աքորդ 2.01» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով համապատասխանաբար 60.000 ՀՀ դրամի եւ 50.000 ՀՀ դրամի գույքային վնաս: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Մալխաս ջազ» ակումբի եւ «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արսեն Սարգսյանը դեռեւս ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մի քանի վկաների են հարցաքննել, որոնք նշում են, թե որեւէ բան չեն տեսել:

2022 թվականի մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի սանիկն է՝ Արսեն Սարգսյանը, որը հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի եւ «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերն է:

Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 2 հատ կրակված պարկուճ։

Նույն օրը՝ մարտի 7-ին, կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մեկ անձ: Դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։

Վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, վերջերս բանտից ազատված, քրեական պատմություններով հայտնի «զոն նայող Անդուլիկն է»: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս երկու կրակոցները միմյանց հետ կապ ունեն, եւ իրավապահ համակարգը կոնկրետ տեղեկություններ ունի, որ քրեական աշխարհում արշալույսները խաղաղ չեն, քրեական հեղինակությունները կամ «օրենքով գողերը» դուրս են եկել միմյանց դեմ: Փաստ է մեկ բան, որ Մալաթիայում եւ Կենտրոնում հնչած կրակոցները ուղղված են քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողի» դեմ, եւ մեկը մյուսից վրեժ է լուծում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԲԴԽ ՆԻՍՏԸ ԱՆՑԱՎ ԴՌՆՓԱԿ

Երեկ Բարձրագույն դատական խորհրդում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի քննությանը փաստաբաններին ներս չեն թողել:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք մի քանի իմ գործընկերների հետ ժամը 10:00-ին այստեղ էինք, որ մտնեինք դահլիճ, սակայն կարգադրիչները տեղեկացրին, որ հրահանգ կա վերեւ չթողնել, որովհետեւ վերեւում տեղ չկա: Այդ պահին ԲԴԽ նիստը սկսվել էր եւ դռնբաց էր ընթանում: Մեզ վերեւ չթողեցին:

Հասկանալի է, որ ԲԴԽ նիստերի դահլիճը փոքր է: Այդ պահին դա հասկացանք, բայց հետո լուր ստացանք, որ ԲԴԽ-ն որոշել է, որ դռնփակ անցկացնել նիստը: Հիմա մենք ուրիշ գործողություն ենք անում: Մենք փաստաբաններով ներգրավվում ենք՝ որպես Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպան, եւ որպես ներկայացուցիչ գնալու ենք նիստին մասնակցելու»,-ասաց Ֆարմանյանը:

Նշենք, որ այս պահին դատավոր Դավիթ Հարությունյանի շահերի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն են հայտնել փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը, Ինեսա Պետրոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Միքայել Շխիմյանը, Արթուր Պիվազյանը, Մարինե Ֆարմանյանը, Հովսեփ Սարգսյանը, Գեորգի Մելիքյանը, Միհրան Պողոսյանը, Հրանտ Անանյանը, Երեմ Սարգսյանը, Հակոբ Ենոքյանը, Բենիկ Գալստյանը, Աբգար Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

 

 




Լրահոս