ՕՏԱՐՎԱԾ ԴՊՐՈՑՆ ՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերեւույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերեւույթ հանցագործության այլ դեպքի մասին եւս: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի հաղորդագրությունից։

 

Մասնավորապես, վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ միասին, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, իրենց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ Արման Սահակյանի օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ եւ Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման եւ գրավի պայմանագրով, 163.115.680 ՀՀ դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող, Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից եւ պարսպից բաղկացած անշարժ գույքը/դպրոցը/՝ 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, եւ դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով:

Այնուհետեւ Արման Սահակյանը եւ նրա օգնականը, առանց որեւէ հիմնավորման, վերը նշված գույքի նկատմամբ որեւէ սահմանափակում չգրանցվելու եւ մինչեւ գույքի արժեքը վճարելը առանց խոչընդոտի գույքի իրացումը ապահովելու նպատակով 2015թ. մայիսին կնքված համաձայնագրով փոփոխություններ են կատարել սկզբնական կնքված առուվաճառքի պայմանագրում՝ հանելով գույքը գրավադրված լինելու մասը, ինչի հիման վրա տրվել է անշարժ գույքի սեփականության վկայական:

Այնուհետեւ նրանք դիմել են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ միասնական տեղեկանք ստանալու եւ համապատասխան գործարք կատարելու համար։ Սակայն տրված տեղեկանքում նշվել է տարաժամկետ վճարելու պայմանը, որի պատճառով իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել գործարքը:

Այնուհետեւ՝ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, վերոհիշյալ անձինք «Քիդս Քեը» ՍՊ ընկերության անվամբ գրանցված վերը նշված անշարժ գույքը, որն իր մեջ ներառում է դպրոցի երկու մասնաշենքերը, պարիսպը եւ դրա սպասարկման համար նախատեսված հողատարածքը, 2019թ. մայիսին կնքված առուվաճառքի պայմանագրով, 240.000.000 ՀՀ դրամով վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել առերեւույթ հանցավոր դրսեւորումների վերաբերյալ նախնական տվյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) եւ 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ:

Վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն քննչական ենթակայությունը որոշելու նպատակով։

 

 

 

 

 

ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՈՎ ԵՎ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ ՓԱՍՏԱԲԱՆԸ

Փաստաբանները հունիսի 20-ին բողոքի ակցիա իրականացրին Ներքին գործերի նախարարության շեքի դիմաց։

 

Փաստաբաններից մեկը շենքի մոտ էր եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով եւ իր ձեռքին «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ ուներ։

«Այս սաղավարտները ոստիկանների հարվածներից պաշտպանում է: Վատ վերաբերմունք միշտ էլ եղել է, բայց չենք բարձրաձայնել: Այսպես ինձ որոշ չափով պաշտպանված եմ զգում»,- ասաց զրահաբաճկոնով փաստաբանը:

Նրանք պահանջում են՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լիազորությունները դադարեցնել:

Նշենք, որ փաստաբանները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել: Փաստաբանների խոսքով՝ հեռուստացույցի միջոցով գլխավոր դատախազը կտեղեկանա փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնություններին: Ավելի վաղ նրանք ՓՊ շենքից երթ էին իրականացրել դեպի ԵՄ գրասենյակ՝ տեղեկացնելով, որ «ԵՄ տրամադրած գումարները ծախսվում են փաստաբանների դեմ բռնության նպատակով»։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

 

 

 

 

 

ԱՆԳՐԱՎ ՎԱՐԿԵՐ՝ 21 ԱՆՁԻ ԱՆՈՒՆՈՎ

Ավարտվել է Լոռու մարզի երկու բնակիչների կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութաին գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Լոռու մարզի 35-ամյա բնակիչը, իր մտերիմի՝ նույն մարզի 53-ամյա բնակչուհու հետ նախնական համաձայնության գալով հեռավար բանկային ծառայության համակարգերով տրամադրվող անգրավ վարկերի գումարներ հափշտակելու շուրջ, նաեւ վերջինիս օժանդակությամբ ձեռք բերելով մի շարք քաղաքացիների անձնական տվյալները, նրանց անվամբ առցանց եղանակով կնքել է պայմանագրեր եւ հափշտակել ուրիշի խոշոր չափերով՝ ընդհանուր 3.630.000 ՀՀ դրամը:

Մասնավորապես, նախնական պայմանավորվածության համաձայն՝ 53-ամյա կինը իր համագյուղացիներին, ծանոթներին եւ բարեկամներին հավաստիացնելով, թե նրանց ընդգրկում է իր կողմից առցանց առեւտրով զբաղվելու համար ստեղծված խմբում կամ ակնկալում է արտերկրից գումար ստանալ, սակայն իր հաշվեհամարն արգելափակված է, ինչպես նաեւ ասելով, թե ցանկանում է նայել անձնագրի լուսանկարը, իր բջջային հեռախոսով բանկային հավելվածում հեռախոսահամարներ մուտքագրելուց եւ էջեր ստեղծելուց հետո ինտերնետային վճարային համակարգում լուսանկարել է նշված անձանց ու նրանց անձնագրերը: Այդ եղանակով 53-ամյա կինը նույնացրել եւ գրանցել է նրանց հավելվածում՝ ձեւակերպելով հաշիվները, որոնց մուտքանուններն ու գաղտնաբառերը փոխանցել է 35-ամյա տղամարդուն։ Վերջինս, տիրապետելով հիշյալ անձանց ինտերնետային վճարային համակարգում առկա տվյալներին, այդկերպ ձեռք բերելով հեռավար բանկային ծառայության համակարգերով վարկային պայմանագրեր կնքելու հնարավորություն, նրանց անվամբ էլեկտրոնային եղանակով ինտերնետային վճարային համակարգի միջոցով ՓԲ ընկերությանը ներկայանալով հիշյալ անձանց անձնական տվյալներով, բացել է բանկային հաշիվ եւ առցանց եղանակով կնքել է 21 պայմանագիր, որի արդյունքում խաբեությամբ ՓԲ ընկերությունից հափշտակվել է ընդհանուր 3.630.000 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 53-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ), իսկ 35-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (21 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 




Լրահոս