Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորերն կարգավորված չէ. Վարորդներն իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում եւ չեն հարկվում. այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը:
Ըստ Սանոսյանի՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, եւ այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների եւ վերահսկողության։
«Առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն:
Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 միլիոն դրամի չափով:
Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, եւ՛ անկանխիկի դեպքում, եւ՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 3,5, 5: Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը:
Սահմանել էլեկտրոնային հարթակով եւ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել ոլորտի իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ փաթեթի շրջանակում առաջարկվում է եւս մեկ փոփոխություն. կանոնավոր ուղեւորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու եւ բոլորը ներդրումային առումով գրավիչ դարձնելու համար միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումների հարկային բեռն են առաջարկում թեթեւացնել եւ հանել միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումների՝ պետական տուրքի մասին պահանջը: Առաջարկվում է, որ փաթեթն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ բարեփոխումը կարեւոր է, եւ հիշեցրեց, թե երբ է առաջացել ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: «Մենք տեսնում էինք շուկայում ակնհայտ միտումներ, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթակները մեծ տեմպերով աճում էին, եւ այն ժամանակ մեր ընկալումը, մեր հեռահար նպատակն այն էր, որ, այսպես ասած, «անհատ տաքսիների հետեւից չգնանք», այլ գնանք պլատֆորմների հետեւից, որոնք ապահովում են աշխատանք:
Երբ տեսնում ենք մի տաքսու վարորդի հետեւից գնալու պարագայում նրա, ենթադրենք, 10 հազար դրամ տուրքը գանձելու համար կարող է մենք ծախսում ենք 15 հազար կամ 9800 կամ 10700 դրամ՝ զուտ վարչարակական ծախսերի առումով, եւ այսպես սիզիփոսյան աշխատանքի տպավորություն էր գործում: Եվ մենք շատ բարդ քննարկումներով եկել ենք, այս եզրակացությանն ենք հանգել»,- ասաց Փաշինյանը:
ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է եւս մեկ նոր՝ «Արեւային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արեւային ջրատաքացուցիչներով:
Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման եւ նախագծման աշխատանքները:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում, երբ ունենք նաեւ խորացող էներգետիկ ճգնաժամ, այս ծրագիրն իսկապես առանձնահատուկ կարեւորություն է ստանում: Սա նշանակում է, որ, անկախ հոսանքի եւ գազի առկայությունից, սոցիալական այս հաստատություններն ապահովված կլինեն տաք ջրով:
Մենք արդեն սկսել ենք աշխատանքները մասնագիտական կազմակերպության հետ եւ ակնկալում ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կսկսեն տեղադրումերը»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:
Այս ծրագիրը եւս, ինչպես գործակալության մյուս ծրագրերը, իրականացվում է պետական-մասնավոր գործընկերությամբ՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ: Ծրագիրն իրականցվում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության նվիրատուների աջակցությամբ:
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՂԵԿԱՎԱՐ ՉՈՒՆԻ
Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 20-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն: Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածու էր առաջադրվել «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էռնեստ Խանումյանը: Ընտրական հանձնաժողովի նախագահը մասնաճյուղի տնօրենի պաշտոնատար Ա. Մակարյանն էր, քարտուղարը` Ա. Մարգարյանը: 11 կողմ եւ 1 դեմ ձայներով Էռնեստ Խանումյանը ընտրվեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ: Անուշավան Մակարյանը 2019 թվականից ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատարն է. նախկինում նրան հարցադրում եմ արել, թե ինչու մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չի կայանում։ Նա ասել է, որ այդ հարցը պետք է ուղղել ԵՊՀ ռեկտորին, ում իրավասության ներքո է գտնվում այդ խնդիրը:
ԱՆՏԵՂՅԱԿ ՄԱՐԶՊԵՏԸ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ. մայիսի 31-ին որոշել ՀՀ Տավուշի մարզպետի 2008թ. մարտի 20-ի թիվ 9Ա կարգադրության 1-ի կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում ներկայացված որոշման հավելվածում Տավուշի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կազմն է։ Մարզպետը հանձնաժողովում ընդգրկել է նաեւ ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի տնօրեն Լուսինե Գրիգորյանին (նրա համաձայնությամբ): Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը անտեղյակ է, որ արդեն 4 տարի Լուսինե Գրիգորյանը ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի տնօրենը չէ, այդ պաշտոնն այլ անձ է զբաղեցնում։
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ
Հունիսի 19-ի երեկոյան Իջեւան քաղաքում տեղի ունեցած կարկտահարությունը, քամին, ուժեղ անձրեւից գոյացած սելավները մեծ վնասներ են պատճառել Իջեւան քաղաքի տնտեսություններին։ Իջեւանի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել բնական տարերքի հետեւանքների վերացմանը։ Գործում են վնասները հաշվարկող համայնքային եւ մարզային հանձնաժողովներ։ Հունիսի 20-ի դրությամբ վնասների գույքագրման համայնքային հանձնաժողովը քաղաքացիներից ստացել է 120 դիմում, որոնց մեծամասնությունը վերաբերում են բազմաբնակարան շենքերի եւ անհատական բնակելի տների տանիքների փլուզմանը, բնակարանների հեղեղմանը։ Կարկուտը տեղացել է Իջեւան քաղաքում եւ Գանձաքար բնակավայրի մի հատվածում։ Այգիների տուժելու վերաբերյալ ստացված դիմումները վերաբերում են Իջեւան քաղաքում գտնվող տնամերձ հողամասերին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ