ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է հետևյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։
ArmLur.am-ը պարբերաբար դժգոհություններ էր ստանում կառուցապատմամբ զբաղվող ընկերություններից, որոնք պնդում են, որ այս նախագիծը մեծ վնաս է հասցնելու կառուցապատման ոլորտին, կառուցապատողները նշում են, որ եթե գումար չստանան, չեն կարողանա աշխատանքը կատարել, նրանք մտադիր են մինչեւ անգամ բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ պատգամավորի հեղինակած նախագծի:
ArmLur.am-ի տեղեկություններով, բարձրացած մեծ աղմուկից հետո Գևորգ Պապոյանը հետ է կանչել իր նախագիծը:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք պատգամավորի հետ, վերջինս նշեց, որ նախագիծը հետ չի կանչել և նման մտադրություն էլ չունի.
«Նախագիծը հետ չեն կանչել, շուտով նաև կհրապարակեմ՝ ինչ տեսքով եմ ԱԺ-ին առաջարկելու, որ երկրորդ ընթերցմամբ ընդունի նախագիծը: Նախագծում որոշ փոփոխություններ լինելու են, բայց նախագիծը հանելու մտադրություն չունեմ, անգամ նման քննարկում չի եղել»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան