ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեփանակերտը գալու է Գյումրի և լավ կազմով մասնակցելու է Համահայկական խաղերին․ Իշխան Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը, որը կկայանա Գյումրու քաղաքային մարզադաշտում լինելու է աննախադեպ՝մասնակից երկրների, պատվիրակությունների, մարզաձևերի առումով։ Օգոստոսի 5-ին Գյումրին հավուր պատշաճի կընդունի շքերթի մասնակիցներին։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

Նրա ներկայացմամբ, 19 մարզաձև է լինելու Համահայկական խաղերին, 7161 մարզիկներ ու պատվիրակության անդամներ են այցելելու Հայաստան։ «Ստեփանակերտը գալու է Գյումրի և լավ կազմով մասնակցելու է Համահայկական խաղերին», -ընդգծել է Իշխան Զաքարյանը։

Նրա խոսքով, տարածաշրջանում ժամանակները դժվար են, բայց դրանք պատճառ չեն կարող լինել, որ միջոցառումները չկայանան։ «Հեշտ ժամանակներում մարդիկ կարող են նաև լավ կենացներ ասել։ Բայց հիմա գործ անելու ժամանակն է, և մենք գործ ենք անում։ Հսկայական թիմով՝ և Սփյուռքի մեր կառույցները, և կառավարության որոշմամբ ստեղծված կազմկոմիտեն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գործ ենք անում։ Սա հայապահպանության գործ է։ Համահայկական խաղերը ոչ միայն սպորտային խաղեր են, այլև՝ համախմբում են ամբողջ աշխարհի հայությանը։ Համահայկական 8-րդ խաղերը մեր 25-ամյա պատմության մեջ լինելու են լավագույնը», -նշել է Իշխան Զաքարյանը ու հավելել․
«Հայրենիքը լավը կամ վատը չի լինում, հայրենիքը լինում է միակը, ուստի պետք է շատ հաճախել Հայաստան։ Համահայկական խաղերը գաղափարը՝ Միասնություն սպորտով կարգախոսի ներքո միտված են, նրան, որ մեր երիտասարդները գան ճանաչեն ու սիրեն հայրենիքը, համախմբվեն հայրենիքի ու պետության շուրջ»։

Նա նկատել է, որ Հայաստանի կառավարությունը հատկապես մարզերում մարզադպրոցների նորոգմանն ու վերանորոգմանը մեծ տեղ է հատկացնում, արդյունքում մարզերում մարզաձևերը սկսել են տարածում ունենալ։ Նաև այդ պատճառով, ըստ ՀԽՀԿ նախագահի, Հայաստանը պատշաճ մասնակցություն է ունենալու Համահայկական 8-րդ խաղերին։

«Տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպել ենք մարզպետների, մեծ քաղաքների ղեկավարների հետ և այսօր ես կարող եմ ասել, որ նախորդ տարիների հետ համեմատ, այս անգամ Հայաստանի քաղաքաների մասնակցության 15-20 տոկոս աճ ունենք», -ասել է Իշխան Զաքարյանը։




Լրահոս