Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ իրականացվող Զանգեզուրի միջանցքը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ փոխանցելով Ալիևի՝ Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին հղած ուղերձը։
Ալիևի խոսքով՝ միջանցքի իրականացումը կնպաստի նաև Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի հնարավորությունների մեծացմանը և միջազգային առևտրատրանսպորտային կապերի զարգացմանը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը, ավելի լայն իմաստով, կնպաստի նաև պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին։
Ալիևը նաև պնդել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող տարածքի։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները Շուշիի հռչակագրի ստորագրմամբ բարձրացվել են դաշնակցային մակարդակի, իսկ երկու երկրների համատեղ ծրագրերը փոխել են Հարավային Կովկասի և ամբողջ Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ ու հաղորդակցային քարտեզը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























