Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն: Բացմանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ղեկավարի տեղակալ Յան Պլեշինդերը:
Ըստ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի՝ Կապանից հետո մտադիր են բացել կենտրոններ Իջևանում և Եղեգնաձորում:
«Հաշվի առնելով ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ Կապանում գտնվող այս կենտրոնը կարևոր է ԵՄ առաքելության մանդատի տեսանկյունից: Կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում և Կապանում անվտանգության իրավիճակի մասին զեկուցենք ավելի կանոնավոր»,-ասել է Ռիտերը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ նշել է, որ դիտորդական առաքելության ներկայությունը մեծ զսպողություն կունենա սահմանի երկայնքի այս հատվածում, ինչպես նաև կայունություն կարող է բերել սահմանի ողջ երկայնքով:
«Վստահ եմ՝ այս առաքելությունը ի վերջո բերելու է վերջնական կայունության և անվտանգության, որը, իհարկե, խաղաղությունն է»,- ասել է նա: