ԱՄՆ նախկին հանրապետական փոխնախագահ Մայք Փենսը կիրակի չի բացառել, որ որպես վկա հանդես կգա մեղադրող կողմից, եթե իր նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կանգնի դատարանի առաջ՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր պարտությունը չեղյալ համարելու նպատակով հանցավոր դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
Կիրակի պատասխանելով CBS հեռուստաալիքի այն հարցին, թե, արդյո՞ք, ինքը ցուցմունք կտա Թրամփի դեմ, եթե գործը դատարան հասնի, Փենսն ասել է, որ ցուցմունք տալու «ծրագրեր չունի», բայց չի բացառել դա։
«Մարդիկ կարող են վստահ լինել, որ մենք կհնազանդվենք օրենքին, մենք կարձագանքենք օրենքի կոչին, եթե այն լինի, և մենք պարզապես կասենք ճշմարտությունը», – ասել է հանրապետական Փենսը, որը, ինչպես Դոնալդ Թրամփը, 2024թ .ընտրություններում հավակնում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին։
Փենսը օգոստոսին դարձավ Թրամփի վերջին քրեական մեղադրանքների կենտրոնական դեմքը, երբ նախկին նախագահին 2020 թվականի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենից պարտվելուց հետո իր պաշտոնում մնալու անօրինական փորձի մեղադրանք առաջադրվեց:
Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի ոչ մի կետով։