Դավթաշենը կունենա նոր շրջանցիկ ճանապարհահատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավթաշենը կունենա նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին: Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասել է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:

Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կունենա երթևեկելի երկու գոտի:

«Առաջին երթևեկելի գոտին կունենա 3.5 – 4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին 3 – 3.5 մ լայնություն, նաև 2 – 2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,-ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:

Թեև տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել: Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր:
Նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից:
Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց:
Ճանապարհաշինական այս ծրագիրը կարևոր է նաև թաղամասի հետագա զարգացման համար:




Լրահոս