ՇՈՒՐՋ 7000 ՄԱՍՆԱԿԻՑ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

 

Մինչ այդ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին հետեւել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման եւ անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու այլ պատասխանատուներ։

Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման եւ անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել նաեւ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։ Այնուհետեւ պատասխանատուները հետեւել են մարզադաշտին հարակից փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Իրականացվել են երթեւեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի եւ 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքներ։

Այս տարի Համահայկական ամառային 8-րդ խաղերին շուրջ 7000 մարդ կմասնակցի, իսկ հյուրերի թիվը կհասնի տասը հազարի։ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ, Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շահբազյանի խոսքով՝ գրանցվել է շուրջ 170 թիմ. «Ամենաշատ թիմերը գրանցվել են ֆուտզալ մարզաձեւում՝ 48 երկիր, բասկետբոլում եւ ֆուտբոլում՝ հավասարաչափ՝ 28-ական։ Բավականին շատ մասնակիցներ ունենք, եւ կարծում եմ՝ սա ռեկորդային թիվ է»:

Այս տարի առաջին անգամ Համահայկական ամառային 8-րդ խաղերը կհյուրընկալեն Սաուդյան Արաբիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Ամենաշատ հայտ ներկայացվել է Ռուսաստանից եւ Վրաստանից։ Դիմել են նաեւ անհատական սպորտաձեւերի համար, ինչպիսիք են լողը, գոլֆը, շախմատը: Այս տարի մասնակիցների թվում կան նաեւ 10-15 տարեկան երեխաներ։ Նրանք հիմնականում մասնակցելու են շախմատի եւ լողի մրցումներին։

Օրերս էլ Գյումրու Շախմատի տանը տեղի է ունեցել խաղերի թիմային մարզաձեւերի վիճակահանությունը։

Խաղերի մրցավարները, Նարինե Շահբազյանի փոխանցմամբ, միջազգային բարձր որակավորում ունեն։

«Մրցավարներն ընտրվել են մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից, ունենք նաեւ միջազգային մրցավարներ, որոնք սպասարկել են միջազգային մրցաշարեր՝ բասկետբոլի, աթլետիկայի, վոլեյբոլի։ Ութ տարիների փորձը ցույց է տվել, որ մեր մրցավարները բավականին բարձր մակարդակով են անցկացնում բոլոր մրցումները»,- նշել է Նարինե Շահբազյանը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները խաղային տարբեր մարզաձեւերում կմրցեն հարմարավետ, միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մասնակիցներին համակարգված աշխատանքով կդիմավորեն ու ամբողջ ընթացքում կուղեկցեն համահայկական խաղերի կամավորները։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում: «Միասնություն սպորտով» կարգախոսով միջոցառման մեկնարկը նախատեսված է ժամը 21:00-ին:

 

 

 

ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Արցախի Հանրապետության Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով, ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված, ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով, այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը:

«Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե, իբր, հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»,-հայտնում են հիմնադրամից:

Դե իսկ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող եւ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի եւ շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է:

Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետեւյալ ժամանակացույցով՝

օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00,

օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00,

օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:

Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի եւ անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):

 

 

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ ԻՋԵՑՎԵԼ Է

Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %:

Բացի այդ, որոշվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11.75 %, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.75 %:

 

 




Լրահոս