ArmLur․am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունիսի 5-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ընկերների հետ գտնվելով Երևան քաղաքի Անգլիական այգում, բարձրաձայն խոսել են, հնչեցրել հայհոյանքներ։ Այս կապակցությամբ այգում գտնվող Անահիտ Միքայելյանը զրույցի ընթացքում ընկերուհուն՝ Լյուդմիլա Օհանյանին, հայտնել է իր դժգոհությունը, նշելով՝ «էս սերունդը սերունդ չի» արտահայտությունը, ինչին անմիջապես միջամտել է Սարգիս Հարությունյանը և ճշտել՝ թե կանայք արդյոք իր մասին էին արտահայտվում։ Չնայած Անահիտ Միքայելյանը հայտնել է, որ խոսքն այդ անձնավորությանը չի վերաբերվում, միևնույն է Սարգիս Հարությունյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներով, չնչին առիթով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, մոտեցել է Անահիտ Միքայելյանին ու հասարակական վայրում՝ այգում, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, ոտքով հարվածներ հասցրել նրա որովայնին, ապա ձեռքով 3-4 անգամ հարվածել է այտին։
Այնուհետև, Սարգիս Հարությունյանը Անահիտ Միքայելյանի բջջային հեռախոսով վերջինիս ընկերոջ հետ խոսելուց և հեռախոսը վերադարձնելուց հետո, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, շարունակել է իր հակաբարոյական վարքագիծը։ Այս անգամ արդեն ձեռքին գտնվող 5-6 սմ երկարությամբ դանակով, կատարել է խուլիգանություն։ Նա դանակը պահել է Անահիտ Միքայելյանի դեմքի ուղղությամբ, որից հետո Անահիտ Միքայելյանի կողմից հարված ստանալուց հետո, դանակով հարվածել է Անահիտ Միքայելյանի որովայնի աջ հատվածին ու դիմել փախուստի՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք:
Քնար Մանուկյան