ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վեց մարզերի եւ մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։

 

Նախատեսված 10-ի փոխարեն՝ կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։

Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից եւ իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ եւ ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

Այս ուսումնական տարվանից ծրագրին կմիանան Արմավիրի մարզի երկու, Գեղարքունիքի` մեկ, Լոռու` երեք, Կոտայքի` չորս, Սյունիքի` մեկ, Շիրակի` երկու, եւ Երեւանի՝ երեք կրթական հաստատությունները՝ ԱԲ կրթությունը հասանելի դարձնելով շուրջ 200 աշակերտի։ Այդ հաստատություններն են Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ? Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը, Էօրնեկեան հանրակրթական դպրոցը, Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ? Աբրահամյանի անվան ավագ դպրոցը, Լոռու մարզի ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, Կոտայքի մարզի Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցը, Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցը, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցը, Հրազդանի Խ? Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը, Գյումրու տնտեսագիտական վարժարանը, Երեւանի թիվ 198 ավագ դպրոցը, Երեւանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցն ու «Եվրասիա» հենակետային վարժարանը։

«ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր եւ խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։ Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման եւ այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։ Նախատեսվում են նաեւ դասավանդող խմբի վերապատրաստումներ եւ մենոթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։ Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների:

 

 

 

ՀԱՐԿԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով:

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի եւ մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը, նախորդ տարվա համեմատ, կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%:

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ դրամով կամ 63%-ով:

 

 

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎՏԱՆԳ

Փոքր կայծը շատ անգամ կարող է մեծ հրդեհի տեղիք տալ։ Ու չնայած գլոբալ տաքացմանը, այդուհանդերձ, հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդը. զգուշացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:

Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձեւով սառչեն ու չայրվեն:

Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով՝ չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը՝ կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բռնկվի։

Ամեն տարի ամռանը՝ հատկապես երաշտի պայմաններում, տարերային գործոնների եւ բնակչության անզգուշության հետեւանքով այգիներում, անտառներում, խոտածածկ տարածքներում եւ հնձած ցորենի դաշտերում բռնկվում են հրդեհներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տնտեսությանը, մարդկանց կյանքին ու անվտանգությանը:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ:

Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը եւ խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ` ծանր հետեւանքներից»,- նշվում է հայտարարությունում:

 

 

 

ԿԵՂԾ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

2019թ. հունիսի 18-ին «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ից ՊԵԿ հետաքննության եւ  օպերատիվ հետախուզության վարչություն հաղորդում է ստացվել  «Ուլիխանյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության եւ փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ: Նույն օր  քրեական գործ է հարուցվել։ Նյութերի նախապատրաստության ընթացքում պարզվել է, որ  «Ուիլխանյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի 100 տոկոս մասնակիցն ու  տնօրենը  2021թ. նոյեմբերի 6-ից  հանդիսանում է Անուշավան Ուլիխանյանը։ Պարզվել է նաեւ, որ «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի եւ «Ուլիխանյան եւ ընկերներ»  ՍՊԸ-ի միջեւ  2013թ. հունվարի 31-ին կնքվել է վարկային պայմանագիր, որով վարկատուին տրամադրվել է 60 հազար ԱՄՆ դոլար՝ 120 ամիս մարման ժամկետով, 2013թ. մայիսի 31-ին վերոհիշյալ իրավաբանական անձանց միջեւ  կնքվել է վարկային պայմանագիր, որով վերջինիս տրամադրվել է 15 հազար ԱՄՆ դոլար՝ 120 ամիս մարման ժամկետով, 2014թ. օգոստոսի 1-ի նույն իրավաբանական անձանց միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով տրամադրվել է 60 հազար ԱՄՆ դոլար՝ 144 ամիս մարման ժամկետով։ Վերոհիշյալ 3 վարկային պայմանագրերին ի կատարումն դրանց կնքման ամսաթվերով  համապատասխանաբար կնքվել են եռակողմ երաշխավորության պայմանագրեր «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ»  ՓԲԸ-ի, «Ուլիխանյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի եւ Անուշավան Ուլիխանյանի միջեւ, որոնցով վերջինս համապարտ պարտավորություն է ստանձնել «Ուլիխանյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման համար։ Վարկային պայմանագրերի հետ միաժամանակ «Էքսսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի հետ կնքվել են կոշտ գրավի եւ երաշխավորության պայմանագրեր, որոնցով գրավադրվել են վարկառուին եւ երաշխավորներին պատկանող մի քանի անշարժ եւ շարժական գույք։ Վերոհիշյալ վարկային պարտավորությունները «Ուլիխանյան  եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից ժամանակին կատարել չկարողանալու պատճառով «Էքսպրես Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ն  բռնագանձման պահանջներ է ներկայացրել դատարան, որոնք 2017թ. հուլիսի 14-ին կայացած վճիռներով բավարարվել են, սակայն բռնագանձման ենթակա գույքը բավարար չի եղել վարկային պարտավորությունները մարելու համար։ 2018թ. մարտի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է  «Ուլիխանյան եւ ընկերներ» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ, դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ սնանկ է ճանաչվել նաեւ Անուշավան Ուլիխանյանը։ Արթուր Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրավունք վերապահող պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Դիլիջանի բնակիչներ Անուշավան Ուլիխանյանի եւ Անուշավան Խաչատրյանի հետ՝ վերջինիս կողմից օգտագործելու նպատակով 2016թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2018-ի փետրվաի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, մեկ միասնական դիտավորությամբ կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր՝ ստորագրելով 2015թ. հոկտեմբերի 17-ի թվագրմամբ իր եւ Անուշավան Խաչատրյանի միջեւ փոխառության պայմանագիր։ Անուշավան Ուիխանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, Անուշավան Խաչատրյանին՝ 325 հոդվածի 2-ին մասով, Արթուր Վիրաբյանին՝ 325 հոդվածի 2-րդ մասով եւ 349 հոդվածի 1-ին մասով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս