Վելայաթին իրանական «Ettelaat» պարբերականում հրապարակել է «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրով հոդված, որում քննադատել է Հայաստանի իշխանությունների վերջին քայլերը, մասնավորապես՝ TRIPP նախագծի իրականացմանն աջակցելու որոշումը։
Հոդվածում Վելայաթին պնդել է, որ Փաշինյանի կառավարությունը խորացնում է Հայաստանի կախվածությունը արևմտյան երկրներից՝ հատկապես ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետի գործողությունները կարող են նոր լարվածություն առաջացնել Հարավային Կովկասում և բացասական հետևանքներ ունենալ հենց Հայաստանի համար։
Իրանի նախկին արտգործնախարարը հիշեցրել է հայ-իրանական հարաբերությունների պատմությունը՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև ավելի քան երկու հազար տարվա հարաբերություններում, իր գնահատմամբ, լուրջ հակասություններ չեն եղել։ Նա նաև նշել է, որ Իրանը երբեք չի ոտնձգել Հայաստանի անկախության դեմ, իսկ երկու երկրների հարաբերությունները հիմնականում եղել են բարեկամական։
Վելայաթին քննադատել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ պնդելով, թե Փաշինյանի իշխանության օրոք հակասություններն ավելի են խորացել։ Նա հատկապես մտահոգիչ է համարել Հայաստանի կողմից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անվանափոխությունը TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Հոդվածի ամենակոշտ հատվածում Վելայաթին անդրադարձել է Իրանի՝ տարածաշրջանում իր սահմանած կարմիր գծերին։ Նա նշել է, որ Հայաստանի արտգործնախարարի տեղակալի և Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ առանձին հանդիպումների ժամանակ զգուշացրել է, որ Իրանը մտադիր է պաշտպանել Հարավային Կովկասում իր անվտանգության շահերը՝ անկախ Ռուսաստանի դիրքորոշումից։
Վելայաթին հիշեցրել է նաև 2021 թվականի հունիսին Թեհրանում տեղի ունեցած Աստանայի գագաթնաժողովի շրջանակում Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը Իրանի համար կարմիր գիծ է։
«Վերջին խոսքս դեսպանին բացահայտ ասացի. եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»,- գրել է Վելայաթին։
Նա նաև նշել է, որ Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերյալ առաջարկի ընդունումը, իր գնահատմամբ, անարդյունավետ քայլ է, որը կարող է ամոթալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար։
Վելայաթին հոդվածում ընդգծել է, որ Իրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր անվտանգության կարևոր գոտի և մտադիր չէ անտեսել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։




























