ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին ԱՀ Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ, ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:
«Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր:
Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների: Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները:
Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝ շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝ հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները»,- ասված է հաղորդագրության մեջ: