Նկարիչների շենքի պատին բացվել է Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հուշատախտակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Սայաթ-Նովա 5 հասցեում՝ Նկարիչների շենքի պատին, բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Բեջանյան ընտանիքի ներկայացուցիչներ, նկարիչներ, արվեստագետներ:

«Սա լավ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու մեր մեծերին: Մեր մշակույթի, կրթության հիմքում նրանց ստեղծած արժեքներն են, և դրանք պետք է ուղենշային լինեն երիտասարդների համար, որոնք ուզում են ստեղծագործել և արարել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Հուշատախտակը նախագծել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

«Մեր կենսագրության մեջ այս շենքը առանձնակի նշանակություն ունի: Այս հասցեում ապրել ու ստեղծագործել են Երևան քաղաքի` հայ կերպարվեստին մնայուն արժեքներ թողած նշանավոր արվեստագետները: Իսկ Բեջանյան ընտանիքի հետ կապված շատ վառ հուշեր կան: Մեծ պատիվ էր հեղինակել հուշատախտակը»,- ասել է Լևոն Իգիթյանը:




Լրահոս