Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի (ICOR) ստեղծման մասին համաձայնագրին։
Համաձայնագիրը մշակվել է Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակցող երկրների Ֆինանսական հետախուզության գործակալությունների ղեկավարների խորհրդի կողմից։
«Համաձայնագրի նպատակն է խթանել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, անդրազգային ռիսկերի գնահատման ապահովման, ինչպես նաև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարձրացման ոլորտում»,- ասվում է հիմնավորման մեջ։
Նշվում է, որ պայմանագրով ստացված տեղեկատվությունը չի կարող փոխանցվել երրորդ անձանց՝ առանց այն տրամադրող կողմի համաձայնության։
Կենտրոնին տեխնիկական, կազմակերպչական և տեղեկատվական աջակցություն կտրամադրվի Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից:
Օֆելյա Հովհաննիսյան