Ուսանողներին պետական կրթաթոշակ չի տրամադրվելու․ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը մտահոգված է բակալավրի և մագիստրատուրայի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորող առաջին կուրսի ուսանողներին պետական կրթաթոշակ չտրամադրելու ՀՀ կառավարության 24 օգոստոսի 2023 թվականի N 1430 –Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում)։

Մասնավորապես՝ տարիներ շարունակ բակալավրի և մագիստրատուրայի անվճար ուսուցման համակարգ ընդունված առաջին կուրսի ուսանողներին տրամադրվում էր պետական կրթաթոշակ՝ 5000-6000 դրամի սահմաններում, որը, սկսած այս ուսումնական տարվանից, չի տրամադրվելու։

Այն, որ տրամադրվող կրթաթոշակի չափը ծայրաստիճան քիչ էր, մշտապես բարձրաձայնվել է մեր՝ ուսանողներիս կողմից տարբեր հարթակներում՝ այդ թվում՝ ԵՊՀ կառավարման մարմիններում։ Պարբերաբար առաջարկվել է և՛ Կառավարության անդամներին, և՛ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին վերանայել պետական կրթաթոշակի չափը՝ բարձրացնելով այն, ինչը, ցավոք սրտի, չի արվել։

Կառավարությունը որպես Որոշման հիմնավորում անդրադարձել է մինչ այս հատկացվող կրթաթոշակի չափին՝ նշելով, որ «4-5 հազար ՀՀ դրամի չափով կրթաթոշակը չի կարող էական ազդեցություն թողնել ո՛չ կրթության մատչելիության, ո՛չ էլ կյանքի որակի վրա»՝ փաստացի նույնպես ընդունելով, որ հատկացվող կրթաթոշակի չափը իրապես սակավ է, ինչին տրամաբանորեն պետք է հաջորդեր հատկացվող կրթաթոշակների չափը վերանայելու՝ այն բարձրացնելու գործընթացը։

Ի հեճուկս բարձրաձայնված խնդրի և դրա տրամաբանական լուծման՝ Որոշմամբ իրականացվում է պետական կրթաթոշակներին հատկացվող բյուջեի վերաբաշխում, որի արդյունքում բազմաթիվ ուսանողներ զրկվում են առանց այդ էլ սակավ քանակությամբ կրթաթոշակից, ինչը գտնում ենք, որ արդարացված չէ, քանի որ չնայած կրթաթոշակի սակավ լինելուն՝ բազմաթիվ ուսանողների հնարավորություն էր տալիս հոգալ իրենց կրթության, ճանապարհածախսի և այլ հիմնախնդիրների հետ կապված ծախսերը։
Փոխարենը՝ Կառավարությունը որոշել է 70․000-77․000 ՀՀ դրամ կրթաթոշակ տրամադրել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորող շուրջ 227 ուսանողների։ Սա միանշանակ դրական փոփոխություն է, սակայն այն չպետք է լիներ տրամադրվող կրթաթոշակների վերացման փոխարեն, այլ պետք է լիներ լրացուցիչ խրախուսման մեխանիզմ՝ միաժամանակ բարձրացնելով մյուս մասնագիտություններով սովորող ուսանողներին տրվող կրթաթոշակի չափը։

ԵՊՀ ուսանողական խորհուրդը չի կիսում ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության այսօրինակ գործելաոճը և հետևողական քայլեր է ձեռնարկելու խնդիրը բարձրաձայնելու և լուծելու համար։

Արդեն իսկ դիմել ենք ԵՊՀ գիտական խորհրդի սովորող անդամներին՝ նախաձեռնելու ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ խնդիրը քննարկելու համար։




Լրահոս