Մաղելու ժամանակն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2005-ին փոփոխություններ կատարվեցին «Կուսակցությունների մասին» օրենքում և խստացվեցին գրանցման չափանիշները, շատերը ողջունեցին դա` հույս հայտնելով, որ այդպիսով կմաղվեն սնկի նման բազմացող «մարդ կուսակցությունները»:

Կատարված փոփոխություններով որպես պարտադիր պայման դիտվեց կուսակցության` նվազագույնը երկու հազար անդամի, ինչպես նաև՝ ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում` Երևանում, տարածքային գրասենյակների առկայությունը: Իհարկե, դեռ այն ժամանակ մեկ զապորոժեցի մեջ տեղավորվող քաղաքական ուժերի ղեկավարները փորձեցին աղմուկ բարձրացնել, թե այդպիսով փորձ է արվում Հայաստանում սահմանափակել քաղաքական գործունեության դաշտը և խաղից դուրս թողնել փոքրաքանակ, սակայն՝ խիստ սկզբունքային ուժերին: Սակայն անցած տարիները ցույց տվեցին, որ իշխանությունները հետևողական չեղան օրենքի կիրառումն ապահովելու հարցում:

Եթե այսօր Հայաստանի որևէ մարզում, անգամ՝ Երևանում, փորձենք գտնել այդ 80 կուսակցությունների գրասենյակները, կհամոզվենք, որ դրանց մեծ մասը գոյություն ունի պարզապես թղթի վրա, կամ էլ` կուսակցապետի սեփական տանը:

Ընտրությունից ընտրություն բավականին մեծ շահույթ ապահովող «կուսակցություն-ՓԲԸ-ների» բիզնեսը, թեև անցած տարիներին որոշակիորեն անկում ապրեց, այդուհանդերձ` դեռևս շարունակում է կենսունակ մնալ: Եվ եթե վերջին խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետականը որոշեց օգտվել այդպիսի «մեկուկեսմարդանոց» ուժերի լիդերների ծառայություններից, ապա ընդդիմադիր ՀԱԿ-ը, ընդհակառակը` ձերբազատվեց դրանցից:
Հայաստանի քաղաքական դաշտում կիսամարդ կուսակցությունների հետ կապված անգամ այնպիսի զավեշտալի դեպքեր կան, երբ նույն կուսակցության` «Հզոր հայրենիք»-ի մի փոխնախագահը ընդգրկված է Հանրապետական կուսակցությունում, մյուսը` «Բարգավաճ Հայաստան»-ում: Եվ, փաստորեն, ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության ընթացքում նրանք միմյանց դեմ ելույթներ են ունենում: Պատկերը նույնքան տխուր է նաև համեմատաբար հայտնի և կայացած ուժերի դեպքում: Եթե փորձենք հանրության մեջ հարցախույզ անել և պարզել, թե մարդիկ ում են ճանաչում օրինակ` «Ազգային միաբանություն»-ում` բացի Արտաշես Գեղամյանից, ՀՔԴՄ-ում` բացի Խոսրով Հարությունյանից, ԱԺՄ-ում` բացի Վազգեն Մանուկյանից, ՍԻՄ-ում` բացի Հայկ Բաբուխանյանից, ԱԻՄ-ում` բացի Պարույր Հայրիկյանից և այլն, ապա կտեսնենք, որ Հայաստանում այսօր ռեալ գործում է 5-6 քաղաքական ուժ, որոնց կեսն էլ, այդուհանդերձ, չի ապահովում օրենքի պահանջը` անդամների և գրասենյակների առկայության մասով:
Եվ եթե պետռեգիստրը իսկապես պատրաստվում է ձեռնամուխ լինել կուսակցությունների` գրանցման պայմանների համապատասխանեցմանը, ապա այն մեծ հաշվով դրական ազդեցություն կունենա քաղաքական դաշտի կայացման վրա:




Լրահոս