«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան ազդարարեց, որ մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (2029 թ.) տեղի է ունենալու Հայաստանում և Վրաստանում։ Ֆուտբոլային աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ աշխարհի առաջնության հայտ էին ներկայացրել մոտ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ մի քանի եվրոպական, որոնց թվում էր Իսպանիան, Ճապոնիան և այլն։ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամներ են և ստացել են աջակցություն անձամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինից։
Բանակցությունների արդյունքում եվրոպական երկրները հանել են իրենց հայտերը։ Ի վերջո աշխարհի առաջնության անցկացման համար հիմնական պայքարը ընթացել է Հայաստան-Վրաստան համատեղ հայտի և ասիական մի քանի երկրների միջև, որոնց թվում առավել ակտիվ է եղել Ճապոնիան։ Մոտ մեկ տարի տևած երկարատև աշխատանքի արդյունքում (ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ներգրավված եղել, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարը) ի վերջո հաղթող է ճանաչվել հայ-վրացական համատեղ հայտը։
Մեր տեղեկություններով՝ աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունը կայանալու է Հայաստանի և Վրաստանի երեքական քաղաքներում։ Հայաստանում խաղերը կայանալու են Վանաձորում, Իջևանում և Երևանում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:























