ԻՆՉՈ՞Ւ ԲԱՑԱԿԱՅԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը: Ընդգծենք, որ այն ընդունվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեարկության արդյունքում: ՔՊ-ական պատգամավորները 60 կողմ ձայներով վավերացրին Հռոմի ստատուտը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ֆրակցիաները դեմ քվեարկեցին դրան՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է եւ նորանոր աղետներ է բերելու Հայաստանի համար. ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսն էլ չմասնակցեցին քվեարկությանը:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն իրենք կդիտարկեն որպես ծայրահեղ թշնամական վերաբերմունք:

Պարզվում է, որ ՔՊ-ում էլ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս ոչինչ չտվող, հակառակը՝ մի շարք վտանգներ պարունակով համաձայնագրի վավերացմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանական պատգամավորներից 4-ը՝ Շիրակ Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, գրանցվել, սակայն չեն քվեարկել, իսկ ՔՊ-ական 7 պատգամավոր էլ՝ Համբարձումյան Կարենը, Պողոսյան Քրիստինեն, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Մաթեւոս Ասատրյանը, Կնյազ Հասանովը, Ղալումյան Վահեն, առհասարակ չեն ներկայացել նիստին, թեպետ նրանցից եւ ոչ մեկը, կարծես թե, գործուղման մեջ չեն գտնվում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե որն էր նրա՝ քվեարկությունից բացակայելու պատճառը:

 -Պարո՛ն Գրիգորյան, նախապես իշխանական պատգամավորներին ասվել էր, որ մեկ մարդու նման գան եւ մասնակցեն Հռոմի ստատուտի վավերացմանը: Ո՞րն էր պատճառը, որ Դուք ուշացած մտաք նիստերի դահլիճ ու չմասնակցեցիք քվեարկությանը. արդյոք դե՞մ եք դրա վավերացմանը, թե՞ այլ պատճառ կա:

-Չեմ հասցրել պարզապես, դրա համար էլ չեմ մասնակցել քվեարկությանը: Դրանից հետո հազիվ եմ հասել ԱԺ, մի քանի քվեարկություն բաց էի թողել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արած յուրաքանչյուր հայտարարությանը՝ ներառյալ Հռոմի ստատուտը, ես կողմ են: Նույնը ՀՀ վարչապետի ասած յուրաքանչյուր բառի եվ նախադասության բովանդակության տակ ես ստորագրում եմ:

-Այսինքն՝ եթե գայիք, ամեն դեպքում, կո՞ղմ էիք քվեարկելու նախագծին:

-Այո, միանշանակ:

-Պարո՛ն Գրիգորյան, բայց համացանցում տարածված տեսանյութերից երեւում է, որ երբ Դուք ուշացած ներս եք մտնում, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կշտամբանքով է նայում Ձեզ, հավանաբար, Հռոմի ստատուտի վավերացմանը չմասնակցելու համար:

-Ես չգիտեմ՝ կադրերում ինչ է երեւում, այդ մասով ոչ մի հարց չի քննարկվել, ես ընդամենը ուշացել էի, ինձ ոչ մեկ կշտամբանքով չի նայել:

-Այսինքն՝ Ձեզ նկատողություն չե՞ն արել պայմանավորվածությունը խախտելու ու քվեարկությանը չներկայանալու համար:

-Դե իրենք տեսան, որ ես ընդամենը ուշացել եմ, այսինքն՝ չհասցրեցի գալ. երբ մտա, արդեն մեկ-երկու քվեարկություն անցել էր:

-Պարո՛ն Գրիգորյան, ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կդիտարկեն որպես ծայրահեղ թշնամական վերաբերմունք իրենց նկատմամբ: Չե՞ք կարծում, որ սա միայն բացասական հետեւանքներ է ունենալու մեզ համար, իսկ դրա հետեւանքները քաղաքացիներն են կրելու:

-Չեմ կարծում, այնտեղ ընդդեմ Ռուսաստանի ոչինչ չկա. մենք Հռոմի ստատուտը ընդունել ենք, որպեսզի միջազգային հանցագործները պատժվեն: Այո, միջազգային հանցագործները պետք է պատժվեն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի ստատուտը։ Այս եւ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմական հարցերի մասին  «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։

 

-Պարո՛ն Կոլերով, Ֆրանսիան օրերս հայտարարեց, որ կաջակցի Հայաստանին ռազմամթերքով։ Մենք վաղուց ռազմական գործընկերներ էինք Ռուսաստանի հետ. կտուժե՞ն արդյոք այս հարաբերությունները Ֆրանսիայի նման հայտարարությունից հետո։

-Անկախ Ֆրանսիայի հետ ունեցած կապերից՝ Հայաստանի հետ հարաբերություններն արդեն տուժել են։ Փաշինյանի հայտարարություններից եւ գործողություններից դա պարզ է դառնում, հատկապես՝ համաձայն Հռոմի կանոնադրության։ Այդ հարաբերությունները  Փաշինյանի օրոք այլեւս չեն վերականգնվելու։

-ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը. ինչպե՞ս այն կազդի հայ-ռուսական ռազմական հարաբերությունների վրա։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլերի կգնա Ռուսաստանն այս ուղղությամբ։

-Բանը հանգեցնում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ցանկացած գործընկերության իսպառ դադարեցմանը, իսկ այս իրավիճակի նախաձեռնողը հենց Հայաստանն է։

-Հայաստանը փորձում է նաեւ ռազմական աջակցություն ստանալ Հնդկաստանից. սա ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում։ 

-Հայաստանը կարող է փորձել անել ամեն ինչ հարաբերություններ ստեղծելու համար, սակայն գնացքն արդեն մեկնել է։

-Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ադրբեջանը մասսայականորեն ձերբակալեց Արցախի նախկին 3 նախագահներին եւ ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մի քանիսին. ինչո՞ւ այս հարցում չմիջամտեցին խաղաղապահները, քանի որ նրանց ձերբակալել էին հենց Հակարրի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետից։

-Խաղաղապահների մանդատը չի ներառում ոստիկանական գործառույթներ եւ չի ճանաչվում Բաքվի կողմից։ Բավական եւ ավելի է, որ 100 հազար արցախցիների փրկեցին։ Բացի այդ, Փաշինյանը հրապարակավ հրաժարվեց Արցախից նույնիսկ խաղաղապահների այդտեղ գտնվելու ժամանակ։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՈՒՄ

Հայ ժողովուրդն այս օրերին թերեւս պատմության ամենածանր եւ ամենաամոթալի էջերից մեկն է ապրում: Հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ «գլխատված»: Բազմաթիվ ծանր հանցագործությունների հեղինակ, մարդասիրական բոլոր նորմերը ոտնահարած ագրեսոր Ադրբեջանը առեւանգել եւ շինծու մեղադրանքներով ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լեւոն Մնացականյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի նախկին երեք նախագահներին: Երեկ էլ Ադրբեջանն իր ներքին լսարանի քիմքը շոյելու, իսկ հայ հասարակության վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար տարածել էր նախագահներին բերման ենթարկելու կադրերը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս տեսանյութերը, արձանագրեց, որ ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ակնոցի ապակին կոտրված է, իսկ մի տեսանյութում արդեն Հարությունյանի ակնոցը չկար: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ նրա նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՄԻՊ աշխատակազմ՝ պարզելու՝ արդյոք արձանագրել են բռնության այս ակնհայտ փաստը, եւ ինչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ: ՄԻՊ աշխատակազմից, հղում կատարելով սեպտեմբերի 29-ին տարածած իրենց հաղորդագրությանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման վերաբերյալ, ասացին, որ գերեվարված պաշտոնյաների ու մյուս քաղաքացիների խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են: Թե կոնկրետ ինչ եւ երբ են արել, օմբուդսմենի գրասենյակից չասացին: Թերեւս առարկայական ոչինչ էլ չի անում ՔՊ-ի պաշտպան դատախազ օմբուդսմենը:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, լինելով պատմության մասնագետ, հայտնի է իր հակահայկական հայտարարություններով։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլանյանն այն պատգամավորն է, որ Հովիկ Աղազարյանի հետ այցելել էր Եռաբլուր, որտեղ ընդհարում էր եղել զինվորների ծնողների հետ։ Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ականներից լուրջ նկատողություն էր ստացել Ասլանյանը։ Հակոբ Ասլանյանը 8-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 9 մլն 273 հազար դրամ, որից 8 մլն 545 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։ Եկամտի մյուս մասը՝ 728 հազար դրամը, կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ասլանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1987 թվականին, սակայն պատգամավորը դրանով չի սահմանափակվել։ Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մասին պատմող բաժնից հասկանում ենք, որ նա ունի նաեւ հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն դրամ։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 4 հազար 720 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 200 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ պատգամավորը հանդիսանում է «Ազգային կամուրջ» ՀԿ-ի նախագահ։ Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Ասլանյանն այն հայտնի ուսուցիչն է, որը դատարկ դասարանում դաս է անցկացրել եւ տնայիններ է հանձնարարել։

 

 




Լրահոս