ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը տեղի չի ունենա, այն հետաձգվում է: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը  «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ։

 

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն Արեւմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական գնահատեց Գրանադայում բանակցությունները, որին, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չմասնակցեց:

Այնուամենայնիվ, Կլաարը հույս ունի, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնաարդյունքը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Կլաարը նաեւ դրական գնահատեց վերջերս Թեհրանում «3+3» ձեւաչափով կայացած հանդիպումը.

«Դա օգտակար ենք համարում եւ այն հակասող չեմ համարում որեւէ ձեւաչափի: Կարծում եմ՝ կարեւոր եւ օգտակար են հարեւանների միջեւ քննարկումները: Մենք սկզբունքորեն մշտապես համագործակցության օգտին ենք արտահայտվում»,- ասաց նա:

Հոկտեմբերի  25-ին Կանադայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ հաստատել է տեղեկությունը՝ պատասխանելով հարցին, թե ով չի հասցնում մասնակցել նախապես հայտարարված հանդիպմանը։

Հարցին, թե ով ժամանակ չունի հանդիպման համար, կամ գուցե պատճառն այլ է, օրինակ՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջադրում, ասենք, կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, նախարարը նշեց, որ պատասխանը պարզ ու հստակ է՝ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել:

«Մենք դեռ պատրաստ ենք հանդիպմանը։ Հուսով եմ՝ պատճառը իսկապես ժամանակի սղությունն է։ Իսկ հանդիպման նոր ժամկետներ որոշելու հնարավորություն կլինի: Հայաստանը պատրաստ է հանդիպմանը, ինչպես արդեն ասել եմ, մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին»,- ընդգծեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ Գրանադայի հայտարարության մեջ, մեծ հաշվով, նորություն չկա. այն սկզբունքները, որոնք հնչել են հուլիսին կայացած եռակողմ հանդիպումից հետո, կրկնվել են, իսկ դրանից հետո որեւէ առարկություն չի եղել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից։

«Մենք երկու օր առաջ ոչ պաշտոնական շփումներ ունեցանք Թեհրանում, եւ Հայաստանը պատրաստ է արագորեն շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ձեռք բերման ուղղությամբ։ Մեր մոտեցումները հայտնի են»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ ապագայում պարզ կդառնա՝ արդյոք հարցը իսկապես ժամանակի մեջ է։

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԿԱՐՄՐՈՒԿԻՑ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կարմրուկից 2 տարեկան երեխա է մահացել։

Նախարարի խոսքով՝ երեխան պատվաստված չի եղել։

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրույցի ընթացքում քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը:

«Հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախարարները բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպման արդյունքները՝ պայմանավորվելով շարունակել հետագա ռիթմիկ աշխատանքը այս ձեւաչափը խթանելու համար։

Հանդիպման շրջանակներում, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

 

 

ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետեւ հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ջրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ 2018 թ. տնկած արծաթափայլ եղեւնին:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Երեւանի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում փոխքաղաքապետերի ընտրության հարցն է:

Արդեն հայտնել ենք, որ այս պաշտոններում Տիգրան Ավինյանն առաջարկել է Արմեն Փամբուխչյանի, Սուրեն Գրիգորյանի, Լեւոն Հովհաննիսյանի եւ «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանի թեկնածությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու նիստին:

Տեղեկացանք, որ «Հանրային ձայն»-ը մասնակցելու է նիստին:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից նույնպես մեզ ասացին, որ մասնակցելու են նիստին։ Հարցին, թե Հայկ Մարությանը նույնպես գալու է, Հովսեփ Կուբաթյանն ասաց, որ դեռ չեն որոշել:

Հավելենք, որ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երեւանի ավագանին։

 

 

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑ

Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։

Մինչդեռ, 2022 թվականի օրինագծով առաջարկվում էր Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ՝ չնայած այն հանգամանքին, որ հանրապետության պատգամավորները, ղեկավարությունն ու կառավարությունը ոչ մի քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով էր, որ Ռուսաստանի Դաշնության Պետդուման որոշեց թույլատրել այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանի տարածքում:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողների այն հարցերին, թե որքանով այս որոշումը կապ ունի Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ, մեկնաբանել է. «Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ կապված, քանի որ այս պետությունները ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրել են։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք տեսնում ենք, որ ռուսաց լեզվի կարգավիճակի հարցի վերաբերյալ որեւէ լուծում չկա, իսկ Հայաստանի կողմից կայացված վերջին որոշումներն ամենեւին ուղղված չեն այս ոլորտում հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։




Լրահոս