ԴԵԿԱՆՆ ԱՆՀԻՄՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանն ուսանողների ձայնը լսելի դարձնելու արդյունքում ստացել է երկու անհիմն նկատողություն եւ ներկա պահին կանգնած է աշխատանքը կորցնելու լուրջ վտանգի առաջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Տիգրան Սիմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել իրականում, եւ որոնք են այդ անհիմն նկատողությունների պատճառները:

«Ես հանդիսանում եմ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան, գիտությունների թեկնածու, դոցենտ եւ 1996 թվականից այս ինստիտուտում դասավանդում եմ եւ ոչ մի անգամ նույնիսկ բանավոր նկատողություն չեմ ստացել։ Իսկ այս նկատողությունները հիմնականում կապված են այն հանգամանքի հետ, որ ես իմ գործընկերների հետ միասին անհամաձայնություն եմ հայտնել պարոն Խիթարյանի վարած քաղաքականությանը եւ ուսումնական պրոցեսի հետ կապված որոշ հարցերին նույնպես: Քանի որ պարոն Խիթարյանի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել, որը հետո կարճվեց, պարոն Խիթարյանը որոշեց գնալ արձակուրդ՝ իր փոխարեն նշանակելով Լուսինե Ստեփանյանին: Պետք է նշեմ, որ Մարզչամանկավարժական ֆակուլտետն ինստիտուտի ամենամեծ եւ հիմնական ֆակուլտետն է, եւ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները առաջ են քաշել որոշակի պայմաններ ու պահանջներ՝ կապված ուսումնական պրոցեսի հետ, որոնք ես իրավունք չունեմ չբարձրաձայնելու: Առաջին նկատողությունը ես ստացել եմ հոկտեմբերի 20-ին, որից հետո փորձեցի հասկանալ, թե որն է պատճառը։ Ինձ պատասխանեցին, որ ես չհիմնավորված հարց եմ զեկուցել գիտական խորհրդում, որը համարում եմ աբսուրդ, քանի որ անմիջական իմ ղեկավար հանդիսացող ուսումնական գծով պրոռեկտորն իմ հարցերը նախօրոք ստուգել է եւ առաջարկել, որ ընդգրկենք գիտական խորհրդում»:

Պարոն Սիմոնյանը նշեց, որ հարցը քննարկվելուց հետո որոշումը ընդունվել է՝ ի օգուտ ուսանողների, եւ եթե անգամ ինքը համաձայն էլ չլիներ հնչեցրած հարցերին, այնուամենայնիվ, ի պաշտոնե պետք է ուսանողների եւ ֆակուլտետի խորհրդի նիստում կայացրած որոշումների մասին բարձրաձայներ: Գիտխորհրդի նիստից 4 օր անց ստացած նկատողությունից հետո պարոն Սիմոնյանը գրում է բացատրագիր, ըստ որի՝ ներկայացնում է, որ չհիմնավորված հարց չի հնչել, ներկայացվել է ուսանողների եւ ֆակուլտետի խորհրդի դիրքորոշումը: Պարոն Սիմոնյանի կողմից ներկայացված բացատրագիրը անհիմն են համարել:

«Հոկտեմբերի 23-ին ինձ ուղարկում են երկրորդ նկատողությունը, որը ես ստանում եմ այսօր: Պարզվում է, որ ինստիտուտի որոշ աշխատակիցներ ուղարկել են ինձ նամակ, որը ընկել է «Սպամ» պապկայի մեջ։ Այն հարցին, թե ոնց է նամակը այդտեղ հայտնվել, ասացի, որ չեմ տեսել. ես այնքան էլ հիմար չեմ, որ նամակը բացեմ, տեսնեմ ու գցեմ նշված պապկայի մեջ: Հետո ինձ շատ էր հետաքրքրում՝ այդ ինչպես հասկացան, որ մտել եմ ու նայել տվյալ նամակագրությունը. արդյունքում պարզ դարձավ, որ, առանց իմ թույլտվության, անօրինական փորփրել են իմ էլեկտրոնային հասցեն: Սխալն իմն է, պետք է դիմեի համապատասխան մարմինների, ՀՀ օրենքի համաձայն՝ հետեւյալ անձանց պատասխանատվության ենթարկեին՝ անօրինական, առանց անձի թույլտվության անձնական տվյալների ուսումնասիրման հետ կապված»,-պարզաբանեց պարոն Սիմոնյանը:

Տիգրան Սիմոնյանը կրկին ներկայացնում է բացատրագիր, որով նշում է, որ նամակն ինքը չի ուսումնասիրել եւ տեղյակ չէ, իսկ եթե լինում են պաշտոնական հաղորդագրություններ, հորդորել է ուղարկել, ինչպես կարգն է:

Պարոն Սիմոնյանի կողմից ներկայացված բացատրագիրը կրկին համարելով անհիմն՝ տվել են խիստ նկատողություն:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՍՄԲԱՏՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։

ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ՝ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»։

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մալթայում կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարեւորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Անդրեյ Երմակը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիեւում կայացած Առաջին տիկնանց եւ պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցության եւ ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցերում։

Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի եւ Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ եւ քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում եւ էներգետիկայի ոլորտում։

 

 

 

 

ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Սլովենիայի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում նշել է. «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք օգնում ենք Լեռնային Ղարաբաղից փախստականներին։ Անցյալ տարվա օգոստոսյան ջրհեղեղների ժամանակ Հայաստանն օգնություն առաջարկեց Սլովենիային, եւ այժմ Սլովենիան շնորհակալություն է հայտնում՝ ԿԽՄԿ-ի միջոցով 120.000 եվրո նվիրաբերելով Հայաստանին՝ օգնելու ընդունել Լեռնային Ղարաբաղից փախստականներին»:

 

 

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի հետ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր: Այս մասին «ԱզերԹաջ»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Մամեդովի խոսքով՝ «2021 թվականի փետրվարին Ադրբեջանը պաշտոնական առաջարկ է ուղարկել Հայաստանին՝ ստորագրելու համապարփակ խաղաղության պայմանագիր։ Ցավոք, հայկական կողմը մոտ մեկ տարի չէր արձագանքում այս առաջարկին։ Բացի այդ, Ադրբեջանը հայկական կողմին առաջարկ է ուղարկել խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնց մասին առաջին անգամ նշվել է 2022 թվականի փետրվարին։ Այս մասին տեղեկացվել են նաեւ միջազգային հանրությունը, երրորդ երկրներն ու այս գործընթացին աջակցող կողմերը»։

«Մոտ մեկուկես տարի Հայաստանն ընդհանրապես չէր արձագանքում այս առաջարկին։ Եթե նայենք անցած տարվան, ապա խաղաղության բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հարթակներում, մյուս կողմին ներկայացվել են կոնկրետ եւ մանրամասն առաջարկներ ապագա խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- ասել է Մամեդովը։

Ադրբեջանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պնդում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ «Խաղաղության համաձայնագրի՝ Ադրբեջանի առաջարկն այսօր ուժի մեջ է, ուստի Հայաստանը նախ պետք է կատարի հաջորդ քայլերը։ Մինչ օրս խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է կողմերի կողմից։ Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական պետությունը լիովին վերականգնեց ինքնիշխանությունը Ղարաբաղում իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղ համաձայնագրի ձեռք բերման գործընթացը հեշտացել է, եւ դրա ստորագրման հավանականությունը պետք է մեծ լինի»,- եզրափակել է դիվանագետը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, որ իրականացվել է սեպտեմբերին:

 

 

 




Լրահոս