ՖՈՏՈ․ «Գաղթի ճանապարհը անբացատրելի նվաստացուցիչ էր, ինչեր ասես՝ չենք տեսել այդ 34 ժամում». Արցախից բռնի տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անասելի ցավ ու կարոտ է հիմա հոգումս մենակ տղերքն են ափսոս, որ իրենց արյունով պահած հողը հանձնեցին, վաճառեցին շներին: Երանի տղերքը չզոհվեին…. Երանի եղբայրներս կողքիս լինեին»,- ArmLur.am-ին ասում է Արարատ և Արայիկ Աբաղյանների քույրը՝ Արմինեն, ով Արցախից բռնի տեղահանվել է։

Արմինե Միրզախանյանը ծննդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է: 44-օրյա պատերազմից հետո կրկին վերադարձել է Արցախ՝ ապրելու ու արարելու:

«Գաղթի ճանապարհը անբացատրելի նվաստացուցիչ էր, ինչեր ասես, որ չենք տեսել այդ 34 ժամում: Սկեսրայրս գաղթի ճանապարհին սրտի ինֆարկտից մահացավ: Երեխաներս վախվորած էին: Անընդհատ մտածոււմ էի, որ մի վատ բան կպատահի»,- ասում է Արմինեն:

44-օրյա պատերազմն Արմինեից տարավ փոքր եղբորը՝ Արայիկ Աբաղյանին, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ին զոհվեց մեծ եղբայրը՝ Արարատ Աբաղյանը:

«Փոքր եղբայրս՝ Արայիկն ավարտելով ծառայությունը նորից անցավ ծառայության «Ցոր» զորամասում ՝ համալրելով սպայական կազմը: Արայիկը մարտնչել է Ասկերանից Հադրութ ընկած հատվածներում: 44-օրյա պատերազմից հետո Արարատը շարունակեց ապրել Արցախում: Բլոկադայի օրերին համալրեց աշխարհազորայինների շարքը: Սեպտեմբերի 19-ին զոհվեց: Երկուսին էլ հուղարկավորել ենք Եռաբլուրում»,- պատմում է քույրը և հավելում, որ մահը լավագույններին տարավ՝ հարզատներին թողնելով ցավի, տառապանքի մեջ:

44-օրյա պատերազմից հետո ծնողները հաստատվել են Մասիսում, իսկ ինքն ընտանիքի վեց անդամների հետ բնակվում է քաղաք Հրազդանում:

Նանիկ Աղասյան




Լրահոս