Կանխիկ 34 հազար ԱՄՆ դոլար, 500 եվրո և 30 հազար ռուբլի. գույք չունեցող փոխնախարարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը 2015 թվականից աշխատում է պետական համակարգում։ Սկզբում ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ, ապա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական, 2023 թվականի հունվարի 9-ից ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
Որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիր։ Այդ ժամանակահատվածում եկամուտներ չի հայտարարագրել փոխնախարարը։

Արփինե Սարգսյանը չի հայտարարագրել ոչ մի գույք։
Ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։
Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 631 հազար դրամը և 63 ԱՄՆ դոլարը։ Արփինե Սարգսյանի կանխիկ դրամական միջոցները շատ ավելին են։ Նա հայտարարագրել է 1,2 մլն դրամ, 34 հազար ԱՄՆ դոլար, 500 եվրո և 30 հազար ռուբլի։

Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, իսկ 2022թ․ հոկտեմբերի 12-ին նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական՝ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուց 5 օր անց։

Արշակ Վարդապետյանը որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է բնակարան և ավտոկայանատեղի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որոնք նվիրատվություն է ստացել 2021 թվականին։
Սարգսյանի ամուսինը հայտարարագրել է Lexus մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականին։ Արշակ Վարդապետյանի բանկային հաշվների մնացորդները կազմել են 161 հազար դրամ և 1029 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 8 միլիոն դրամ, 5 հազար եվրո և 28 հազար ԱՄՆ դոլար։

Արշակ Վարդապետյանը հայտարարագրել է նաև կրիպտոարժույթ 22 979 XRP (Ripple) և 2089 doge (Dogecoin)։
Արշակ Վարդապետյանը որպես եկամուտ հայտարարագրել է 1 մլն 565 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արդարադատության նախարարությունից, 55 հազար դրամ ապահովագրական հատուցում՝ «Նաիրի ինշուրանսից» և 25 հազար ու 315 հազար դրամ նվիրատվություն։

Էմմա Միքայելյան




Լրահոս