ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը խուզարկություններ է անում «Ազգային ժողովրդական բեւեռ»-ի գրասենյակում, ինչպես նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ պայթուցիկ կիրառած անձանց բնակարաններում։
Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը եւ մանրամասներ ներկայացրին.
«2024թ. մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու եւ սպառնալիքներ հնչեցնելու եւ պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ԱԱԾ-ի եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերեւույթ պարզվել է հետեւյալը.
Ս. Հ.-ն, Վ. Գ.-ն եւ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաեւ իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով 2024թ.-ի մարտի 24-ին՝ ժամը 17:00-ից 17:15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք բերած եւ յուրաքանչյուրի մոտ գտնվող, ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։
Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը եւ ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանք առաջացնելու վտանգով:
Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա. Մ.-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, եւ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա եւ հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը եւ առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը:
Պայթյունի հետեւանքով Վ. Գ.-ն եւ Ա. Մ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս. Հ.-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը եւ ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել եւ զինաթափվել է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ս. Հ.-ն եւ Վ. Գ.-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են, իսկ Ա. Մ.-ի ձերբակալումը հնարավոր չի եղել վերջինիս առողջական վիճակի պատճառով:
Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական եւ այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք։
Դատարանների թույլտվությամբ եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց եւ նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաեւ որպես «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր եւ առարկաներ, այդ թվում՝ զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն: Մասնավորապես՝ նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ եւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։
Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական եւ այլ փորձաքննություններ:
Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս. Հ.-ի, Վ. Գ.-ի եւ Ա. Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները մարտի 25-ին՝ ծառայություն իրականացնելիս՝ ժամը 19:00-ի սահմաններում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա:
Ստուգման արդյունքում մեքենայի թափքում հայտնաբերվել է 5 խմ փայտանյութ: Մեղրիի բնակիչ 62-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Ոստիկանության Մեղրիի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023 թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու եւ խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը:
«Նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կանչով Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի մեկնած պարեկների, ինչպես նաեւ նշված հասցեում հավաքված քաղաքացիների նկատմամբ մի խումբ մարդիկ դրսեւորել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչից հետո ոստիկանության բաժին էին տեղափոխվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 3 բնակիչ՝ երկու եղբայր եւ նրանց քույրը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել եւ հիմնավորվել է, որ վերջիններս, գտնվելով Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի վայրում եւ տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, կատարել խուլիգանություն։
Մասնավորապես՝ եղբայրները ձեռքերով եւ ոտքերով նախ հարվածել են շտապօգնության մեքենային, ապա բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ եւ անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, տեւական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթեւեկության բնականոն ընթացքը:
Այնուհետեւ, երբ ոստիկանները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել նրանց, եղբայրները եւ քույրը, վրոդովվելով այդ պահանջից, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին եւ ձեռքերին:
34 եւ 24-ամյա եղբայրներին, նրանց 37-ամյա քրոջը մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը՝ նշված 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։