Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունները, առաջին հերթին, հրադադարի և իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների հետ պատանդների փոխանակման հարցերի շուրջ, կանցկացվեն կիրակի Եգիպտոսի մայրաքաղաքում։ Այս տեղեկությունը Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքին հայտնել է եգիպտական բարձրաստիճան աղբյուրը։
Նրա խոսքով՝ «կիրակի օրը Կահիրեում հանդիպումներ կանցկացվեն՝ քննարկելու Գազայում անդորրը վերականգնելու ուղիները»։
Նա նաև հայտնել է, որ երկխոսությանը կմասնակցեն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին, ինչպես նաև Իսրայելի պատվիրակությունը։
Որոշ ժամանակ առաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները կիրակի օրը մեկնում են Կահիրե՝ «քննարկելու պաղեստինյան հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը»։